Տպել
06.06.2019
Խորհրդարանականներն անդրադարձել են արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին
1 / 5

Հունիսի 6-ին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. բյուջեի ճշտված ծրագրով արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված 17 մլրդ 35 մլն դրամի դիմաց փաստացի օգտագործվել է 16.64 մլրդ դրամ՝ արձանագրելով 98 տոկոս կատարողական: Ըստ նրա՝ բյուջետային դասակարգման «Արտաքին հարաբերություններ» բաժնում նախատեսված ծրագրերի իրականացման համար հատկացվել է 15 մլրդ 963 մլն դրամ: Միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերի մասով ընդհանուր առմամբ 2018 թ. ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 2 մլրդ 707 մլն դրամ. կատարողականը կազմել է շուրջ 94 տոկոս: Անդամակցության վճարների գծով ԱԳՆ կողմից իրականացվող ծրագրերով օգտագործվել է շուրջ 2 մլրդ 340 մլն դրամ: Երեւանում անցած տարի կազմակերպված Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի համար հատկացվել է շուրջ 1 մլրդ 350 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների մասով ՀՀ ԱԳՆ-ն լիովին կատարել է ֆինանսական փոխանցումները: Ամբողջությամբ կատարելով անդամակցության գծով միջազգային կազմակերպություններին ֆինանսական պարտավորությունները՝ մեր երկիրը հանդիսանում է լիարժեք անդամ եւ ձայնի իրավունք ունի Հայաստանի կողմից անդամակցվող բոլոր միջազգային կազմակերպություններում:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թ. Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ կազմակերպության կանոնավոր բյուջեի՝ ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145.843 ԱՄՆ դոլար՝ որպես անդամավճար: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ըստ կանխատեսումների՝ միջազգային կազմակերպությունների գծով, մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին եւ այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող է արձանագրվել մինչեւ 30 տոկոս աճ:

Նախարարը հավաստիացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցը շարունակել է աշխատել Հանրապետության նախագահի, ապա նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ վարչապետի ուրվագծած արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա ու համակարգել ՀՀ պետական կառավարման մարմինների արտաքին կապերը, նպաստել դրանց խորացմանը:

Նշվել է, որ նախարարության պահպանման ծախսային ծրագրով ճշտված բյուջեն եղել է 1 մլրդ 559 մլն 306 հազար դրամ, տնտեսումները կազմել են 52.645 հազար դրամ: Դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերի գծով հատկացումները կազմել են 10 մլրդ 147 մլն 375 հզր դրամ. օտարերկրյա պետություններում գործում է 58 դիվանագիտական ներկայացուցչություն:

Ընդհանուր առմամբ ԱԳՆ-ի տարեկան ճշտված պլանը կազմել է 17 մլրդ 35 մլն 846 հզր դրամ, ֆինանսավորումը՝ 16 մրդ 753 մլն 953 հզր դրամ, փաստացի ծախսերը՝ 16 մլրդ 637 մլն 804 հզր դրամ: Տնտեսվել եւ բյուջե է վերադարձվել 398 մլն 42 հզր դրամ:

Օտարերկրյա պետություններում գործող դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նաեւ ԱԳՆ կողմից մատուցված ծառայությունների ու գործողությունների դիմաց գանձված պետական տուրքի մասով հաշվետու տարվա ընթացքում ճշգրտված ցուցանիշը կազմել է 2 մլրդ 80 մլն 465 հզր դրամ: ԱԳՆ-ի կողմից գանձված պետական տուրքի գումարը փաստացի կազմել է 2 մլրդ 441 մլն 855 հզր դրամ՝ կատարողականը կազմելով 117.4 տոկոս:

Նախարարները պատասխանել են խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականության ուղղություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքներին, օտար երկրներ այցելած ՀՀ քաղաքացիների իրազեկման բարձրացման ուղղությամբ տարվող գործընթացներին, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...