National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.06.2019
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրինագծերը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 4-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Խորհրդարանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն որոշել է նույն օրը՝ հերթական նիստերի ավարտից հետո՝ ժամը 18:30-20:00-ը, անցկացնել ՀՀ ԱԺ լրացուցիչ նիստ՝ շարունակելու համար հերթական նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ընթացիկ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ հաջորդ հերթական նիստերի օրակարգում, քանի որ հիմնական զեկուցողը գործուղման է:

Այնուհետեւ շարունակվել է նախորդ օրն ընդհատված հարցի՝ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը , որը բաղկացած է 2019 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության եւ 2018 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարողականից:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԿԲ գործունեությանը, տարադրամի փոխարժեքների տատանումներին, վարկերի տոկոսադրույքներին, բանկային ավանդների աճին, ԿԲ կողմից թողարկվող հուշադրամների թանկության պատճառներին եւ դրան նպաստող հանգամանքներին, տնտեսական աճի դանդաղ տեմպերին, ներդրումների ներգրավման համար բարեփոխումներ իրականացնելու եւ բանկային համակարգի փոփոխման անհրաժեշտությանը, ԿԲ կողմից վարվող գնաճի զսպման քաղաքականությանը:

Կարծիք է հնչել, ըստ որի, տարածաշրջանային երկրների համեմատությամբ Հայաստանի տնտեսական զարգացման բարձր տեմպերն ակնհայտ են, ինչն իրականացվող քաղաքականության արդյունք է:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արմեն Եղիազարյանը: Նա անդրադարձել է ապահովագրական ոլորտի ընկերությունների գործունեությանն ու այդ բնագավառում Կենտրոնական բանկի մասնակցությանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից Միքայել Մելքումյանն անդրադարձել է բանկային համակարգի խնդիրներին` հետաքրքրվելով դրա առողջացմանն ուղղված ԿԲ գործունեությամբ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու հարցադրումներին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ ԿԲ դերակատարությունը երկրի տնտեսության զարգացման, մակրոտնտեսական կայունության գործընթացում առնչվում է գների եւ ֆինանսական կայունության ապահովմանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Նախագծով կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ողջունելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ օրինագիծը միտված է զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը եւս ողջունել է նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումը: Նախագծի դրույթները բոլոր զինծառայողների վրա տարածելուն առնչվող առաջարկի վերաբերյալ փոխնախարարը կարծիք է հայտնել, որ օրինագծով առանձնացվում են մարտական խնդիր կատարող զինծառայողները, որոնք ներգրավված են հերթափոխի միջոցով մարտական հերթապահության մեջ:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Նա ընդգծել է, որ օրենքն ընդունվել է 1998 թ. եւ այժմ չի համապատասխանում ՍԴ, Վճռաբեկ դատարանի որոշումներին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիման վրա ձեւավորված իրավական պրակտիկային, բազմաթիվ թերություններ ունի: Նախագծով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կարգավորումներ եւ մեխանիզմներ, որոնցով ակնկալվում է խրախուսել պարտապանի կողմից կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելը: Ակնկլալվում է ծանուցումները դարձնել ավելի արդյունավետ, մասնավորապես պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավաբանական անձանց դեպքում առաջնությունը տրվելու է էլեկտրոնային ծանուցմանը, ֆիզիկական անձանց դեպքում այն իրականացվելու է փոստային առաքմամբ: Կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու համար ընդլայնվել է պարտապանի գույքի հայտարարագրման գործիքակազմը, նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն է սահմանվել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ աշխատանքային ձեւաչափով ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հարցը քննարկվել է ոլորտային հանձնաժողովում: Ըստ պատգամավորի՝ համակարգային խնդիր լուծելու կարիք կա: Նշելով, որ հարկադիր ծառայությունների մատուցումը երկար ժամանակ է պահանջում՝ պատգամավորը խոսել է մասնավորի օգնությամբ ոլորտը կանոնակարգելու եւ մրցակցության պայմաններում ծառայության որակի բարձրացման մասին:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված, Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն՝ կապահովվի դիվանագետի՝ դիվանագիտական ծառայության ընթացքում եւ առանց ծառայության ընդհատման Հանրապետության նախագահի աշխատակազմ կամ Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման, ինչպես նաեւ գործուղման հավասարեցված պետական պաշտոնի նշանակումների դեպքում դիվանագիտական ծառայողի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերությունները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տաթեւիկ Հայրապետյանը:

Հաջորդիվ քննարկվել է ՀՀ Կառավարության ներկայացրած «Բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նշվել է, որ համաձայնագիրը ԱՊՀ ստեղծման առաջին փուլում կնքված փաստաթղթերից է, որը նորացման եւ արդիականացման կարիք ունի: Այն թույլ է տալիս ստեղծել կայուն համագործակցային կապեր ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ, արդյունավետ կազմակերպել եւ իրականացնել արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության համատեղ աշխատանքներ: Համաձայնագրի առանձին ձեւակերպումներ առավել հստակ եւ ճիշտ մեկնաբանման համար կարիք ունեն լրացման եւ վերախմբագրման, ինչին էլ ուղղված է փոփոխությունների եւ լրացումների արձանագրությունը:

Նախագծի վերաբերյալ գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացությունը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է գործող օրենքով նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել որոշ վրիպակներ եւ խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաեւ այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է կատարել փոփոխություններ:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալեքսեյ Սանդիկովը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղինակած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արսեն Ջուլֆալակյանի տեղեկացմամբ՝ մասնավորապես առաջարկվում է մարզական ազգային ֆեդերացիաների կազմավորման հետ կապված հարաբերություններում կատարել որոշակի փոփոխություններ, ոլորտում բուն մարզական գործունեություն իրականացնող կազմակերպություններին տարբերակելու եւ առկա խնդիրները լուծելու նպատակով: Ակնկալվում է, որ կատարվելիք փոփոխությունները մարզական գործունեություն իրականացնող կազմակերպություններին թույլ կտան բարձրացնելու իրենց գործունեության հասցեականությունը:

Նախագծով սահմանվում են նաեւ հավաքական թիմի կազմավորման, թիմի կազմում ընգրկվելու եւ այլ չափանիշներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հարություն Բաբայանը:

Հարակից ելույթ է ունեցել ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով գործադիր մարմնի առաջարկներն ու դիտողությունները: Նա նշել է, որ դրանց կարգավորման առնչությամբ հեղինակների հետ փոխհամաձայնություն է կայացել: Նախարարը հայտնել է, որ սպորտի ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով գործադիրն այժմ օրենքի նախագիծ է մշակում:

Խորհրդարանն այնուհետեւ քվեարկություններով ընդունել է օրվա ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման է ներկայացրել «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ կառույցի գործունեությունը ներառել է երկու հիմնարար ուղղություն՝ անհատական դեպքերով բողոքների կամ դիմումների քննություն եւ կանխարգելիչ աշխատանքներ կամ ՄԻ համակարգի կատարելագործում: Նրա խոսքով՝ 2018 թվականն առանձնացել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ. կրկնակիից ավելի աճել է բողոքների թիվը, զգալի շատացել են այցերը քրեակատարողական հիմնարկներ եւ այլ հաստատություններ:

Արման Թաթոյանի խոսքով՝ թե իր, թե աշխատակազմի կողմից պարբերաբար այցեր են իրականացվել մարզեր եւ սահմանամերձ գյուղեր: Մեծ ձեռքբերումներ են արձանագրվել ՄԻՊ հաստատության կայացման ու միջազգային հեղինակության աճի ուղղությամբ. այսօր ձեւավորվում է միջազգային լավագույն փորձ:

Բանախոսի տեղեկացմամբ՝ ՄԻՊ աշխատանքն անցած տարվա ընթացքում արժանացել է միջազգային կառույցների՝ ԵԽ, ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ կողմից բարձր գնահատականների:

Անդրադառնալով 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին՝ Արման Թաթոյանն ընդգծել է, որ մարտի 31-ից ողջ գործընթացը ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման ներքո է եղել, առաջնահերթ խնդիրը եղել է այն մասնակիցների իրավունքների երաշխավորումը, որոնք ոստիկանության կողմից բերման են ենթարկվել կամ իրականացվել է վարչական ձերբակալում: Այդ օրերին ՄԻՊ աշխատակազմն արտակարգ գրաֆիկով է աշխատել՝ իրականացնելով շուրջօրյա եւ մշտական դիտարկումներ: 2018 թվականի ապրիլյան հավաքների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անչափահասների իրավունքների ապահովմանը: Մասնավորապես նշվել է, որ հավաքների ընթացքում բռնություններ են գործադրվել ու այլ խախտումներ թույլ տրվել նաեւ անչափահասների եւ երեխաների նկատմամբ: Լարվածություն թույլ չտալու եւ հանդուրժողականություն ու համերաշխություն ապահովելու համար անփոխարինելի դեր են ունեցել Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, ԴավիթՍանասարյանը եւ հավաքների այլ կազմակերպիչներ:

Այդ օրերին վնասներ են կրել նաեւ լրագրողները, ինչը, ըստ Արման Թաթոյանի, անթույլատրելի է, որովհետեւ նրանց աշխատանքն ուղղված է եղել հանրային իրադարձությունների վերաբերյալ հանրությանը տեղեկության տրամադրմանը:

ՄԻ պաշտպանը խոսել է նաեւ մեր երկրում կալանքների կիրառման իրավական պրակտիկայի, դատական համակարգում հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների մասին:

Արման Թաթոյանը պատասխանել է պատգամավորների՝ երկու տասնյակից ավելի հարցերին, որոնք վերաբերել են քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանը, սոցցանցերում ատելության խոսքին, հեղափոխությունից հետո կառույցի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, բողոքների աճի դինամիկայի պատճառներին:

Պատգամավորները՝ քննարկվող հարցի վերաբերյալ

Արման Բաբաջանյանը, խոսելով վեթթինգի գործընթացի մասին, կարեւորել է այս հարցում հասարակության մեջ վստահություն վայելող ինստիտուտների, մասնավորապես ՄԻՊ կառույցի դերը: Ըստ նրա՝ վեթթինգը բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակ է հետապնդում եւ այս առումով ՄԻՊ-ը հասարակությանն իրազեկելու կարեւոր առաքելություն ունի:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ի թիվս մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցերի, մասնավորապես խոսել է օտարված եւ իրացված տարածքների, դրանց իրավական վիճակի, բնակիչների բարձրաձայնած խնդիրների, սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերի մասին: Նա կարծիք է հայտնել, որ նման իրավիճակները կանխարգելող միջոցառումներ պետք է իրականացվեն:

Գեւորգ Պետրոսյանը բարձր է գնահատել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը: Պատգամավորն անդրադարձել է որոշ պետական պաշտոնյաների՝ իրենց սահմանադրական առաքելությունից շեղվելու դեպքերին, հորդորել ՄԻ պաշտպանին հետամուտ լինել, որպեսզի քաղաքացիների նկատմամբ իրականացվող պետական վարչարարությունը լինի հավասար, արդարությանն ու իրավահավասարությանը համապատասխան:

Թագուհի Ղազարյանն անդրադարձել է հեղափոխության հաղթանակի ճանապարհին ՀՀ քաղաքացիների՝ սեփական իրավունքների պաշտպանության համար մղվող արդար պայքարին, այդ ընթացքում բռնության ու ատելության խոսքի բացառմանը:

Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ ՄԻ պաշտպանն արդեն մեկ տարի է հետհեղափոխական Հայաստանում է գործում, ինչը մեծ ցնցումների միջավայր է: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ այս բեկումնային ժամանակաշրջանում հնարավոր կլինի առկա մարտահրավերները ճիշտ ախտորոշել եւ հաղթահարել: Պատգամավորի համոզմամբ՝ Արման Թաթոյանն իր աշխատանքը կատարում է բարձր պատասխանատվությամբ, որի գնահատականը տվել է հանրությունը:

Անի Սամսոնյանը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում անդրադարձել է Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայի եւ Լոռու «ՎԿՍ Արմենիա» ընկերությունների գործունեությանը, աշխատավորների իրավունքների ոտնահարմանը, խոսել «Լուսավոր Հայաստան»-ի՝ Աշխատանքի տեսչական մարմնի վերականգնման առաջարկի մասին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արման Աբովյանը խոսել է մարդու իրավունքների անվան տակ քողարկված որոշ երեւույթների ներթափանցման մասին: Ըստ խմբակցության քարտուղարի՝ մարդու իրավունքները Հայաստանում լիարժեք չեն կարող պաշտպանված լինել՝ առանց հաշվի առնելու ազգային ավանդույթները, եկեղեցին ու հայ ընտանիքի արժեքները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին, հնչեցրած մտահոգություններին՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին շահագրգիռ քննարկումների համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնելով:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատ...

28.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հ...

28.03.2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հան...

28.03.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը. մաս` առաջին, մաս` երկրորդ: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am