Տպել
04.06.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ
1 / 4

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաեւ հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա:

«Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժեւորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը:

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այն կծառայի որպես գործուն ձեւաչափ եւ հնարավորություն կտա անմիջական մթնոլորտ հաստատելու մտքերի փոխանակման եւ համատեղ ծրագրերի քննարկման ու իրագործման համար:

Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկին իր հերթին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի ընտրությունների եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Մենք ջերմ զգացումով էինք հետեւում Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով ժողովրդավարացման անցնելու գործընթացին»,- շեշտել է մարշալեկ Կուխչինսկին:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Մարեկ Կուխչինսկին ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակին եւ նշել, որ խումբը լուրջ աշխատանք է կատարում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Մարշալեկը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի կյանքում:

Ի պատասխան Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած հատուկ դրական վերաբերմունքի եւ որդեգրած քաղաքականության համար:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար՝ նշելով, որ փաստաթղթի լիակատար իրագործումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է:

Հանդիպման ավարտին կողմերը շարունակական, առավել ակտիվ համագործակցության եւ նորանոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն են հայտնել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...