National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.06.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այնուհետեւ շարունակել ընդհատված հարցի՝  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Հեղինակներն առաջարկում են օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 17-րդ կետով,  որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Նշենք, որ  ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

Ելույթ են ունեցել պատգամավորները:

Ջանիբեկ Հայրապետյանն առաջարկել է կողմ քվեարկել  գյուղացիների շահերից բխող նախագծին:

Լուսինե Բադալյանն անդրադարձել է գործընկերների տեսակետներին,  անհրաժեշտ  համարել կարգավորել  գյուղացիների այլ՝ ավելի կարեւոր  խնդիրները, որոնցից է, օրինակ, բերքի ապահովագրումը:

Գործընկերուհու տեսակետը պաշտպանել է Վարազդատ Կարապետյանը՝ առաջարկելով խնդիրը համակողմանի դիտարկել եւ կատարել քայլեր, որոնք օրինակ, կապահովագրեն բերքը: Նա իրազեկել է, որ  արդեն Հայաստանի  2 մարզում 3 մշակաբույսերի  ապահովագրում է իրականացվում  եւ այդպիսով գյուղացիական տնտեսությունների հնարավոր եկամուտներն են ապահովագրվելու: Ըստ նրա՝ պետք է գնալ  կապիտալի հարկման նոր մեխանիզմների ներդրման, այլ ոչ թե գույքային հարկերից ազատելու ճանապարհով:

Արտյոմ Ծառուկյանն անդրադարձել է 50 տոկոս հաշվարկելու մեթոդաբանությանը, կարեւորել նախագծի ընդունումը:

Միքայել Մելքումյանը եւս անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը, ինչը ցույց կտա, որ պետությունը գյուղացու կողքին է:

Կարինե Պողոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն միտված է լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց խնդիրները:

ՀՀ Աժ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանը խոսել է գյուղատնտեսական խնդիրներից, անհրաժեշտ համարել  նախագծի ընդունումը, որը, նրա գնահատմամբ, բնակլիմայական աղետների դեպքում կարող է թեթեւացնել գյուղացիների հոգսերը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության տեսակետը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մարզերի բնակիչների խնդիրներին եւ նշել, որ նույնիսկ մի քանի հազար դրամ արժեցող հարկի թեթեւացումը որոշակի նշանակություն կարող է ունենալ նրանց կյանքում: Ըստ պատգամավորի? անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել եւ ընդունել նախագիծը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության տեսակետը ներկայացրել է Վարազդատ Կարապետյանը: Նա պարզաբանել է, որ  նախագծի տրամաբանությունն ընդունելի է, սակայն անհասկանալի են իրականացման մեխանիզմները: Ըստ պատգամավորի՝ նմանօրինակ նախագծերը պետք է քննարկել մասնագիտական  հարթությունում, այլ ոչ թե քաղաքական:

ՀՀ  ֆինանսների  նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում մատնանշել է նախագծի ընդունման դեպքում առաջանալիք խնդիրները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում կարծիք է հայտնել, թե նախագծի ընդունմամբ ավելի շատ վնասներ կլինեն, քան օգուտ:  Ըստ նրա, եթե ցանկություն կա օգնելու գյուղացիական տնտեսություններին, ապա պետք է գտնել խնդրի կարգավորման այլ ուղիներ: Նա հորդորել է դեմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթ  է ունեցել նախագծի համահեղինակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորը նշել է, որ հարցը քննարկվել է փորձագետների հետ եւ իրենց համար պարզ է դարձել, որ օրինագծի ընդունմամբ Կառավարության վրա ֆինանսական բեռ չի ավելանալու: Նա նաեւ ներկայացրել է Չինաստանի, Նիդեռլանդների եւ Վրաստանի փորձը, տեղեկացնելով, որ այն երկրներում,  որտեղ ազատականացվել է  գյուղատնտեսության հետ կապված հարկային բեռը, ոլորտում  սրընթաց աճ է արձանագրվել: Վահե Էնֆիաջյանը նախագիծը լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ՀՀ Կառավարության հեղինակած  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը   ներկայացրել է ՀՀ ԿԲ  նախագահի տեղակալ  Ներսես Երիցյանը: Առաջարկվում է օրենքը լրացնել նոր դրույթով, ըստ որի՝  ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ պետք է  ներկայացնեն սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն` Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Եղիշե Սողոմոնյանը:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Աժ փոխնախագահ  Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ ընդունվել են պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկները:

Հարակից ելույթում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք պետք է հնգօրյա ժամկետում քննարկեն պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանեն նրան: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին  պետք է տրվի դիմումն ստանալուց հետո? երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:

Ինչպես պարզաբանել է հեղինակը, փոփոխության նպատակը պատգամավորի աշխատանքի արդյունավետության բարձրացումն է:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հարակից զեկույցում նշել է, որ գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել օրենքի գործող կարգավորումները՝ ներկայացնելով պարզաբանումներ իրավական ակտի՝ հարցմամբ պետական մարմիններին դիմելու եւ պատասխան ստանալու 5-օրյա ժամկետի առնչությամբ:

ԱԺ պատգամավորները՝ օրենսդրական առաջարկի մասին

Արթուր Գրիգորյանը համամիտ չի եղել այն տեսակետի հետ, թե 5-օրյա ժամկետը բավականին կարճ է, որ ոլորտը համակարգող նախարարությունը պատասխանի հարցմանը, ինչպես նաեւ նախարարությունների՝ սահմանափակ ռեսուրսներ ունենալուն: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանական վերահսկողության պայմաններում պետք են առավել իրատեսական ժամկետներ, որի դեպքում պետական մարմինների ղեկավարները զգոն կլինեն:

Սերգեյ Ատոմյանը դրական է արտահայտվել առաջարկվող օրենսդրական կարգավորումներին՝ կոչ  անելով գործընկերներին կողմ քվեարկել:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ խնդիրն առաջանում է ոչ հանրամատչելի տեղեկատվության դեպքում: Այդ պարագայում, ըստ պատգամավորի, պետք է առաջնորդվել «Պատգամավորի երաշխիքի մասին» ՀՀ օրենքով: Նա կարծիք է հայտնել, որ բոլոր սուբյեկտների համար 5-օրյա ժամկետը պետք է գործի:

Միքայել Մելքումյանը, ողջունելով ժամկետների փոփոխությունները, անդրադարձել է ստացված տեղեկատվության որակին: Նա առաջարկել է ԱԺ ոլորտային հանձնաժողովներին գնահատական տալ գործադիրից ուղարկված եզրակացությունների որակին:

Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ պետք է հասկանալ, թե ինչն է պատգամավորի հարցմանը ուշ պատասխանելու պատճառը: Պատգամավորը տեղեկացրել է, որ կողմ կքվեարկի՝ առաջարկելով հետօրենդրական մոնիթորինգի գործիքներով վերոնշյալ խնդիրը բացահայտել:

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ պետք է հստակ հասկանալ՝ ի՞նչ է հարցումը, ի՞նչ է առաջարկությունը, ո՞ր ինստիտուտների համար ի՞նչ ժամկետներ պետք է նախատեսվեն՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխան գտնելու համար:

ԱԺ «Լուսավոր Հայաստանե» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Էդմոն Մարուքյանը՝ կարեւորելով նախաձեռնությունը: Բազմաթիվ դրույթներ կան, ըստ խմբակցության ղեկավարի, որոնք «ԱԺ կանոնակարգ», ինչպես նաեւ «Պատգամավորի երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում պետք է վերանայվեն: Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ խնդիրներին հատվածական լուծումներ չպետք է տրվեն:

Կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Արման Աբովյանը՝ հիշեցնելով, որ խմբակցությունները մշտապես պատգամավորական գործունեության արդյունավետությանը վերաբերող այս հարցը բարձրաձայնում են: Խմբակցության քարտուղարը հիշեցրել է, որ խորհրդարանականների հարցումները բխում են քաղաքացիների խնդիրներից:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել է, որ կողմ է քվեարկելու նախաձեռնությանը: Ըստ նրա՝ հարցումների մասով բոլորը պետք է ողջախոհություն ցուցաբերեն՝ չխոչընդոտելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, վերջիններս եւս պետք է ընդունեն, որ հարցումն այն միջոցներից է, որով պատգամավորն իրականացնում է իր գործունեությունը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին եւ ելույթներին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությունը հանրային պահանջի արդյունք է: Կարգավորմամբ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքով կարգավորվող դեպքերի: Առաջարկվում է աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր 3.1՝ «Խտրականության արգելումը» հոդվածով:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը հարակից զեկույցում նշել է, որ հանձնաժողովում հեղինակին առաջարկվել է Սահմանադրության 29-րդ հոդվածում խտրականության արգելման հիմք ճանաչված դրույթներն ամրագրել նախագծի համապատասխան հոդվածում: Պատգամավորն աշխատանքի ընդունման հայտարարություններին վերաբերող որոշ խմբագրական առաջարկներ եւս ներկայացրել է: Հերիքնազ Տիգրանյանն իրազեկել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ թեպետ կառավարությունը բացասական եզրակացության է արժանացրել նախագիծը, բայց հանձնաժողովում փոխզիջումային համաձայնություն է ձեռբքերվել առ այն, որ տրվի ավելի համապարփակ սահմանում խտրականությանը, չսահմանափակվել միայն տարիքի հիմքով խտրականության դեպքերով: Խտրականության սահմանման կառավարության կողմից ներկայացված տեքստը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների հետ:

ՀՀ ԱԺ պատգամավորները տեսակետներ են հայտնել նախաձեռնության առնչությամբ:

Սուրեն Գրիգորյանն առաջարկել է հստակ նշել բացառությունների շարքում նաեւ այն դեպքը, երբ ուղղակիորեն օրենքով է նախատեսված տարիքային սահմանափակումը: Ըստ պատգամավորի՝ արդյո՞ք ինստիտուցիոնալ տեսանկյունից ճիշտ է՝ Սահմանադրությամբ խնդիրը կարգավորված լինելու պարագայում առանձին օրենքներում դրան անդրադառնալը:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ խտրականության արգելքի խնդրին մեր օրենսդրությունն անդրադառնում է: Նա առաջարկել է իրավակարգավորման բարեփոխումը տանել այն ուղղությամբ, որ տարիքը գնահատվի խտրականություն, եթե դա չի կարող անդրադառնալ աշխատանքի կատարման որակի վրա:

Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ խնդրահարույց է օրենքի կիրառման ապահովման հարցը:

Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ ՀՀ-ում կան տարիքային ցենզ պահանջող պաշտոններ, իսկ տարիքային խիստ պահանջներ հիմնականում սպասարկման ոլորտի հայտարարություններում են առկա: Նրա գնահատմամբ՝ խնդրի լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քանի որ փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում բնությանը եւ դրանց զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական ու կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները, գետերի ցանկը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Անի Սամսոնյանը: Առաջարկվում է փոփոխություն կատարել եւ ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը սահմանում է, թե ովքեր կարող են մասնակցել Երեւանի ավագանու նիստերին: Նոր  խմբագրությամբ առաջարկվում է դրանց անարգել մասնակցելու հնարավորություն տալ շահագրգիռ քաղաքացիներին: Մյուս փոփոխությունը վերաբերում է ավագանու նիստերը լուսաբանելու կարգին. առաջարկվում է ամրագրել, որ դռնբաց նիստերը լրագրողները կարող են լուսաբանել նիստերի դահլիճից: Խմբակցությունն անհրաժեշտ է համարել նաեւ ամրագրել, որ լրագրողները կարող են ավագանու նիստերը լուսաբանել առանց հավատարմագրման: Անի Սամսոնյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է ավելի դյուրին դարձնել լրագրողների աշխատանքը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը:

ՀՀ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրել է, որ ընդունվել են գործադրի 2 առաջարկը՝ Երեւանի ավագանու նիստերին քաղաքացիները կարող են մասնակցել ավագանու անդամների հրավերով եւ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի եւ լսելի է ավագանու նիստը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը բաղկացած է 2019 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրից եւ 2018 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարողականից:

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ծրագրին՝ զեկուցողը ներկայացրել է մակրոտնտեսական այն միջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը եւ մշակվել դրամավարկային քաղաքականությունն առաջիկա ժամանակահատվածի համար: Համաձայն ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019 թվականի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը:  Եռամսյակի սկզբում ԿԲ-ն անհրաժեշտ է համարել փոքր ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը, իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից սահմանելով 5.75: ԿԲ նախագահը նաեւ խոսել է 2018 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վերաբերյալ:

Արթուր Ջավադյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ԿԲ կողմից գնաճի զսպման քաղաքականությանը, ներմուծման աճին, պետության կողմից մարզերում հիփոթեքային վարկավորման սուբսիդավորմանը, տնտեսական աճի խթանման տեսանկյունից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հավելյալ իջեցման հնարավորությանը:

Խորհրդարանը կշարունակի նիստի աշխատանքը հունիսի 4-ին՝ ժամը 10:00-ին:


03.06.2019
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հունիսի 3-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են Ղա...

03.06.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում կամփոփվեն մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները: ...

03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. հունիսի 4-7-ը ներառյալ Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:«Մոնիթորինգ եւ գնահատում՝ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS