National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.05.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 25

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 31-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե դիմումը ետ չի վերցվում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Խորհրդարանականները շարունակել են ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում երեք տարի ժամկետով առաջադրված Արեն Դանիելյանի ընտրության վերաբերյալ հարցի քննարկումը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում մեկ տարի ժամկետով ընտրվելու համար առաջադրված Դավիթ Հովհաննիսյանի ընտրության հարցը:

Ելույթ ունենալով՝ թեկնածուն շնորհակալություն է հայտնել առաջադրվելու համար, ներկայացրել իր աշխատանքային ուղին, անդրադարձել տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների լուծման իր պատկերացումներին: Այլ խնդիրներից զատ? նա անհրաժեշտ է համարել մեծացնել հանձնաժողովի հսկողական լծակները, հստակեցնել հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ թեկնածուն դրական է գնահատել հանձնաժողովի՝ նախկինում կատարած աշխատանքը եւ նշել, որ կառույցում աշխատելիս չի ենթարկվել քաղաքական կամ այլ ճնշումների, քանի որ այն զերծ է եղել քաղաքական կախվածությունից:

Հանրության սպասելիքները մեծ են հանձնաժողովից, նկատել է Արտակ Մանուկյանը եւ ընդգծել, որ թեկնածուից ակնկալում է նախաձեռնողականության դրսեւորում ընտրվելու դեպքում եւ կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Էդգար Առաքելյանը պարզաբանել է, որ մայիսի 31-ն աշխարհում նշանավորվում է «Առանց ծխախոտի օր» անվանումը կրող միջոցառումներով, ուստի ինքը եւս ելույթ է ունենալու հակածխախոտային պայքարի թեմայով: Նա ներկայացրել է ակտիվ եւ պասսիվ ծխելու թողած սարսափելի հետեւանքները մարդկանց առողջության վրա եւ հատկապես պատանիներին հորդորել ետ կանգնել ծխելու աղետաբեր սովորույթից:

Սուրեն Գրիգորյանը կարեւորել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը, նշել նրա ընդունած որոշումների կարեւորությունը տնտեսվարողների համար: Պատգամավորը նշել է, որ կողմ է քվեարկելու Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությանը:

ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ-ի անդամի պաշտոնում առաջարկել է Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը՝ երեք տարի ժամկետով:

Թեկնածուն կենսագրական տվյալներին եւ աշխատանքային գործունեությանն անդրադառնալուց հետո ներկայացրել է դիրքորոշումները ոլորտի բարելավման ուղղությամբ: Ըստ Տիգրան Մարկոսյանի՝ պետք է վերանայվի օրինաստեղծ ոլորտում հանձնաժողովի դերը, անհրաժեշտ են օրենսդրական հստակ երաշխիքներ, որ բնագավառին առնչվող բոլոր ակտերին կներկայացվի հանձնաժողովի կարծիքը: Նա կարեւորել է մշտադիտարկման համակարգի ներդնումը, որը միտված կլինի օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայի համապարփակ եւ շարունակական ուսումնասիրմանը, դրա հիման վրա ոլորտում առկա խնդիրների վերհանմանը: Թեկնածուն անհրաժեշտ է համարել տնտեսական մրցակցության ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացումը, խոսել իրավական ակտերի եւ պայմանագրերի փորձաքննության խնդիրներից, անդրադարձել հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվության համակարգի վերանայմանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը,?ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Նախատեսվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել, ըստ որի դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է: Նախատեսվող կարգավորումն ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակելու ավելի մեղմ պատիժ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական տեսակետը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ առաջին ընթերցմամբ ներկայացվել էր մեկ տոննա ցեմենտի համար 22.000 դրամ պետական տուրք սահմանելու, նաեւ կլինկերը չհարկելու առաջարկ: Երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկված տարբերակում պետական տուրքը սահմանված է 14.000 դրամ, կլինկերը կրկին նախատեսվում է չհարկել: Նախարարը հիշեցրել է, որ այս կարգավորումը ժամանակավոր է, առաջարկն ուժի մեջ կմնա մինչեւ 2020 թվականի ապրիլը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, հորդորելով գործընկերներին կողմ քվեարկել, նշել է, որ պետական տուրքը 14.000 դրամ սահմանելը պայմանավորված է նրանով, որ ներմուծվող ցեմենտը չվերանա հայկական շուկայում եւ մրցակցություն լինի տեղական ու ներմուծված արտադրանքի միջեւ:

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով. այն ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախաձեռնության նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը, ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն-մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ ներկայում բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու հարաբերությունները կարգավորված են Կառավարության 1994 թվականի 551 որոշմամբ: Ըստ փոխնախարարի՝ Սահմանադրությամբ վարչարարությունը պետք է իրականացվի վարչական մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից: Այս հարաբերությունները միջգերատեսչական հանձնաժողովի տիրույթից որեւէ լիազոր մարմնի իրավասությունների շրջանակ տեղափոխելու խնդիր է առաջացել: Առաջարկվում է այն վերապահել արդարադատության նախարարությանը՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի: Նախարարին կտրվի որոշակի իրավահարաբերությունների կարգավորման լիազորություն, ինչն անհրաժեշտ է վարչարարության պատշաճ իրականացման համար:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը:

Ամփոփելով կայացած ընտրության արդյունքները՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Հայկ Կարապետյանը, Վահե Չիբուխչյանը, Արեն Դանիելյանը, Տիգրան Մարկոսյանն ընտրվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:

Կողմ 39, դեմ 62 ձայների հարաբերակցությամբ Դավիթ Հովհաննիսյանը չի ընտրվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Ըստ հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, որի համաձայն ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Առաջանում է արհեստական խոչընդոտ, մասնավորապես, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը, վերացնել գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավել պետության կողմից տնտեսվարողներին մատուցվող ծառայությունները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում: Դրանք ընտրվել են զբոսաշրջային եւ հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ներկայում այդ վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, ինչը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` ստեղծելով վիճակախաղերով հրապուրվելու վտանգ: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը:

Oրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից:

Ալեն Սիմոնյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջարկվող փոփոխության արդյունքում աշխատատեղերի կրճատմանը, անչափահասների կողմից խաղադրույքների կատարմանը եւ այլն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Բաբկեն Թունյանը, իսկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ Կառավարության դրական դիրքորոշումը:

Նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Ըստ Գոռ Գեւորգյանի՝ խաղամոլությունը չարիք է եւ շահումով խաղերից գոյացած գումարները չեն կարող նպաստել տնտեսության զարգացմանը:

Կարեւորելով նախաձեռնությունը՝ Սիսակ Գաբրիելյանն իր դիտարկումներն է ներկայացրել ոլորտում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Սիփան Փաշինյանն անթույլատրելի է համարել պարբերաբար հանդիպող գովազդները: Պատգամավորի գնահատմամբ՝ ոլորտի կարգավորումը պետության անվտանգությանը վերաբերող հարց է:

Հայկ Սարգսյանը մի շարք վիճակագրական տվյալներ է ներկայացրել մոլախաղերի վերաբերյալ, ըստ որոնց, վերջին ութ տարիների ընթացքում դրանցով տարված անձանց թիվն այնքան է մեծացել, որ շրջանառված գումարը կազմել է 306 մլրդ դրամ. որպես հարկ մուծվել է ընդամենը 5 մլրդ դրամ: Նա գործընկերներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնք թույլ կտան այս չարիքի դեմ պայքարել նաեւ առցանց հարթակում:

Գեւորգ Պապոյանն առաջարկել է գործունեությունից հանել նաեւ խաղային ապարատները, քանի որ դրանք վնասից բացի օգուտ չեն տալիս ոչ քաղաքացիներին, ոչ պետությանը:

Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ խնդրին պետք է տալ համակարգային, այլ ոչ հատվածական լուծումներ. այնպես, որ դրանք չվնասեն զբոսաշրջության զարգացմանը:

Հայկ Կոնջորյանը խնդրահարույց է համարել խաղային բիզնեսի ամենուր լինելը՝ ինտերնետում, հեռուստատեսությունում, ռադիոհաղորդումներում եւ այլն: Նա անհրաժեշտ է համարել խնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ գտնելով հավասարակշռված լուծումներ եւ չգնալ բացառապես արգելելու ճանապարհով:

Արթուր Դավթյանը օրինակներ է բերել իր փաստաբանական գործունեությունից, եւ նշել, որ նախագծի ընդունումը բազմաթիվ ընտանիքներ է փրկելու այդ չարիքից: Նա ողջունել է նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւ նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել են գործընկերների ելույթներին, կարեւորել առցանց տարածքում մոլախաղերի դեմ հետագա պայքարը: Պատգամավորները հորդորել են կողմ քվեարկել նախագծին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Գուրգեն Բաղդասարյանը: Նա տեղեկացրել է, որ 2017 թվականի վերջին Կառավարության որոշմամբ հիմնվել է Ճարտարապետների պալատը, որի գործունեությունից վեց ամիս անց Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրված անժամկետ նախագծային լիցենզիաները կասեցվել են՝ պայմանով, որ նախագծային կազմակերպությունները Ճարտարապետների պալատից ձեռք բերեն տվյալ լիցենզիան, սակայն նախկին լիցենզիաների կասեցման մասին համապատասխան կառույցներն ու նախագծողները չեն տեղեկացվել եւ նախագծողները շարունակել են աշխատել կասեցված լիցենզիաներով: Առաջացած խնդրի լուծման համար հեղինակն առաջարկել է լիցենզիաների կասեցման ժամկետները երկարացնել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Գեւորգյանը:

Հարակից ելույթում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարեւորել է խնդրի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը եւ պատգամավորներին հորդորել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Նիստում ԱԺ նախագահը հայտարարել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հունիսի 18-ից գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում:

Խորհրդարանի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրինագիծը:

Այնուհետեւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր՝ 17-րդ կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Գլխադասային? ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն:

Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից:

Խորհրդարանը կշարունակի նիստի աշխատանքը հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին:


31.05.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում: Այցի շրջանակում ծրագ...

31.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԵԽ պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները մայիսի 31-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության հետ: Ներկա է եղել նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա...

31.05.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության եւ իրա...

31.05.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք...

31.05.2019
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստը
Մայիսի 30-ին Մոսկվայում է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին: Պատվիրակության կազմու...

31.05.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սա...

31.05.2019
ՀՀ ԱԺ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտեր
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը: ...

31.05.2019
ԱԺ նախագահի հայտարարությունները քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին
Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ո...

31.05.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...

31.05.2019
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրավիրում ենք տոնական միջոցառումների
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում եւ Բաղրամյան պողոտայում: Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ: Միջոցառմանը հր...

31.05.2019
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am