National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.05.2019
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստը
1 / 7

Մայիսի 30-ին Մոսկվայում է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին:

Պատվիրակության կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Սոս Ավետիսյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Արման Աբովյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) եւ Արման Բաբաջանյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն):

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: Ռուսաստանյան կողմից հանդիպմանը ներկա են եղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը, միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչներ Վլադիմիր Ջաբարովը, Սերգեյ Կիսլյակը, Իգոր Ղահրամանյանը, Վլադիմիր Լուկինը, Օլգա Տիմոֆեեւան եւ այլոք:

Յորի Վորոբյովը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը: Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւողական աշխատանքը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված է ամուր քաղաքական երկխոսություն՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային եւ ռազմավարական գործընկերներ են: Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը եւ դերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը գոհունակությամբ ընդգծել է պրոֆիլային հանձնաժողովների ձեւաչափի արդյունավետությունը՝ նշելով, որ այն բաց եւ թափանցիկ քննարկումների հարթակ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել երկու երկրների փորձը, համակարգված փոխգործակցությունը միջազգային հարթակներում եւ ուրվագծել նոր հեռանկարներ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին Հարավային Կովկասում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

Նիստում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համատեղ նիստի արդյունքներով կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն

30 մայիսի 2019 թ. ք. Մոսկվա

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (այսուհետ` Կողմեր) համատեղ չորրորդ նիստը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում:

Նիստի ընթացքում կողմերը նշել են, որ անցած ժամանակահատվածում երկու երկրների միջեւ պահպանվել են հարաբերությունների, բարեկամության եւ համագործակցության որակական զարգացումն ու ամրապնդումը: Հատուկ ընդգծվել է շարունակական համակարգված փոխշահավետ երկխոսությունը՝ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով:

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգին եւ ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր, այդ թվում նաեւ այնպիսիք, որոնք օրակարգային են միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում:

Կողմերն ընդգծել են միջազգային օրակարգի հարցերի շուրջ դիրքորոշումների եւ շահերի շարունակական մերձեցումը կամ համընկնումը, մասնավորապես աշխարհակարգի կառուցման առնչությամբ՝ հիմնված բազմաբեւեռության եւ համագործակցության ամրապնդման, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի պահպանման հիման վրա:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Գոհունակությամբ արձանագրել են, որ հարաբերությունները պահպանում են շարունակականությունը եւ ունեն իրենց նշանակալից ներդրումը երկկողմ իրավա - պայմանագրային հենքի զարգացման գործում՝ հիմնված 1997 թ. օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի, 2000 թ. սեպտեմբերի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ XXI-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի վրա:

Քննարկելով գլոբալ անվտանգությանը եւ տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող հարցեր: Կողմերն արձանագրել են աշխարհում առկա իրավիճակի պահպանվող անկայունությունը, ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, նշել բաժանարար գծերի առկայությունը:

Կողմերը դեմ են արտահայտվել քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաեւ այլ միակողմանի սահմանափակող միջոցների կիրառմանը՝ ուղղված Կողմերի վրա ճնշում գործադրելուն, կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի եւ դրա կառույցների ամրապնդման անհրաժեշտությանը: Ընդգծել են ԵԱՀԿ եւ միջազգային մանդատ ունեցող այլ ճանաչված հաստատությունների կարեւոր դերը ժամանակակից միջազգային խնդիրների կարգավորման հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի լիարժեք պահպանմամբ՝ բացառելով դրանց ընտրովի կիրառումը:

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բացառելով ցանկացած քայլ եւ ռազմատենչ հռետորաբանություն, որոնք կարող են հանգեցնել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ այն ամրապնդելու իրենց հանձնառությունը: Հատուկ միջոցները, որոնց կիրառման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2018 թ. Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն:

Կողմերը բարձր են գնահատել ձեռքբերումները, որոնք վերաբերում են երկկողմ կապերի համակարգային զարգացմանը եւ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության գործունեության շրջանակներում հայ-ռուսական արդյունավետ համագործակցությանը:

Բացի վերոնշյալից, Կողմերն աջակցություն են հայտնել ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ զարգացմանը եւ կայունության ապահովմանը, ինչպես նաեւ հետագա ծրագրերին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների փոխադարձ ամրապնդման ուղղությամբ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել 2019թ. մայիսի 20-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի որոշումներին, ինչպես նաեւ 2019թ. մայիսի 22-ին կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերին:

Կողմերն ընդգծել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականության կարեւորությունը՝ նպատակ ունենալով հակազդել ծայրահեղականությանը եւ ապօրինի միգրացիային, ահաբեկչության, թմրամիջոցների եւ այլ արգելված դեղորայքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:

Քննարկելով եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընթացքը: Կողմերն ընդգծել են տնտեսական ինտեգրման հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի հետագա զարգացման կարեւորությունը` նպատակ ունենալով հասնել Եվրասիական տնտեսական միության առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծմանը՝ դիտարկելով կառույցը որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ միջազգային միավորում, որը նպաստում է ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդմանը եւ իր մեջ մտնող անդամ երկրների տնտեսությունների հավելյալ աճին: Բացի դրանից, Կողմերը գոհունակությամբ արձանագրել են 2019թ. մայիսի 29-ին Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները:

Կողմերը նշել են առեւտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման ոլորտում հաջողությունների եւ 2018 թ. երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առնչությամբ պահպանվող նշանակալի հեռանկարների մասին: Հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները դրամաշրջանառության, ապրանքների, աշխատուժի եւ ծառայությունների ազատականացման դյուրացման համար անհրաժեշտ պայմանների իրականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ ներդրումային միջավայր եւ կարգավորել միջտարածաշրջանային կապերը:

Վերլուծելով երկկողմ համագործակցության ներկա վիճակը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում, ինչպիսիք են ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՄԽՄ, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՈՒՄՎ, Կողմերն արձանագրել են երկու երկրների փոխգործակցության դրական ընթացքը, ինչը թույլ է տալիս միջխորհրդարանական երկխոսության երկկողմ հարաբերությունների շրջանակում մշակել հանրամատչելի մոտեցումներ, պատրաստակամություն են հայտնել շարունակել համակարգել իրենց գործողությունները միջազգային խորհրդարանական կազմակերպությունների գործունեության մասով:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2019թ. ապրիլի 6-10-ը Դոհա քաղաքում (Քաթար) միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում շփումների եւ փոխգործակցության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կապակցությամբ:

Կողմերը պայմանավորվել են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման շրջանակներում՝ հանդիսավոր միջոցառումներին մասնակցության նպատակով, խորհրդարանական պատվիրակությունների ձեւավորման եւ դեպի Ռուսաստան ու Հայաստան գործուղումներին աջակցելու հարցում:

Կողմերը հաստատում են, որ համատեղ նիստերի անցկացման ձեւավորված փորձն ապահովում է երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում համատեղ խնդիրների լուծման մոտեցումների շարունակականությունը, լրացուցիչ ազդակ է հաղորդում ազգային օրենսդրությունների զարգացմանն ու ներդաշնակեցմանը, Կողմերի միջեւ որակական երկխոսության համար ապահովում է նոր հնարավորություններ եւ ստեղծում մշտական հարթակ՝ արդիական հարցերի եւ խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ փորձագիտական կարծիքների փոխանակման համար:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, 2019 թվականի երկրորդ կեսին:

Հայտարարությունը ստորագրել են Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչեւը:


31.05.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում: Այցի շրջանակում ծրագ...

31.05.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները հանդիպել են ԵԽ պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները մայիսի 31-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության հետ: Ներկա է եղել նաեւ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա...

31.05.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 31-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի...

31.05.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության եւ իրա...

31.05.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք...

31.05.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սա...

31.05.2019
ՀՀ ԱԺ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտեր
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ 2020թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը: ...

31.05.2019
ԱԺ նախագահի հայտարարությունները քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին
Հայտարարություն քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ո...

31.05.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...

31.05.2019
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրավիրում ենք տոնական միջոցառումների
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում եւ Բաղրամյան պողոտայում: Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ: Միջոցառմանը հր...

31.05.2019
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am