Տպել
27.05.2019
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ուկրաինացի լրագրողների, բլոգերների եւ քաղհասարակության ներկայացուցիչների
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է Ուկրաինայի տարբեր քաղաքներից ժամանած լրագրողների, բլոգերների եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հանդիպում-քննարկումն ընթացել է երկխոսության եւ բանավեճի մթնոլորտում: Հյուրերը հետաքրքրվել են մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխության հաջողությամբ, հետհեղափոխական ծրագրերից, բարեփոխումների օրակարգից, ժողովրդավարական գործընթացների հետագա խորացմամբ, Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեությամբ, ինչպես նաեւ արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներից:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին 10 տարիներին իր գործունեությունը, մինչ քաղաքականությամբ զբաղվելն անցած ուղին, անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությանն ու կառավարման համակարգին, երկրի իշխանությունների վարած քաղաքականության առաջնահերթություններին:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մեր երկրում իրականացվող բարեփոխումների ներկապնակին, ընդգծել է մասնավորապես կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, մենաշնորհների վերացումը, ներդրումային քաղաքականության հարցում քաղաքացիների վստահության աճը, աշխատավարձերի բարձրացումը եւ այլն: Նա այս շարքում նշել է նաեւ հաջողությունները միջազգային ասպարեզում: Օրենսդրական բարեփոխումների հարցում կարեւորվել են Ընտրական եւ Հարկային օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն ունեն վճռականություն բարեփոխումները կյանքի կոչելու հարցում: Նշելով, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ներկայացնում են ժողովրդի կամքը՝ բանախոսն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, խոսել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ իշխանություններն այդ քայլերով փորձում են առողջացնել դատական համակարգը:

«Պետք է հավատալ ժողովրդի ուժին: Եթե պարզվի, որ մենք սխալ էինք, ապա հաջորդ ընտրություններում ժողովուրդը մեզ չի ընտրի»,-փաստել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ այդ երեւույթի դեմ իրենք պայքարում են բացառապես քաղաքացիների հետ բաց երկխոսության, ազատ շփումների եւ քննարկումների միջոցով: Նա հիշեցրել է, որ մեր երկրում լրատվամիջոցներն անկախ են, ինչի վառ ապացույցը լրատվական դաշտում ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծամասնությունն է:

Հյուրերը հետաքրքրված են եղել նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այս առնչությամբ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրենսդրի օրակարգում է:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ համոզմունք հայտնելով, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` հայկական կողմը երբեւէ ատելություն չի քարոզում Ադրբեջանի հանդեպ, մինչդեռ նույնը չի կարելի ասել հարեւան պետության մասին:

Երիտասարդ քաղաքական գործիչների` հաջողության հասնելու բանաձեւը մանրամասնելով՝ Ալեն Սիմոնյանը հորդորել է. «Համոզեք մարդկանց, որ իրենք ձեր գործունեության կարեւորագույն մասն են եւ լավագույնի օրինակ ծառայեք»:


23.04.2024
Քննարկվել են հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 22-ին ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին: Հայ խո...