Տպել
23.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 23-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պատգամավորի՝ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողների սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա՝ բացառությամբ օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հարակից զեկուցող պատգամավոր Աննա Կարապետյանը եւ Կառավարության ներկայացուցիչ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը դրական են գնահատել զինծառայողների համար արտոնություններ սահմանող նախաձեռնությունը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթեցմամբ քննարկվել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am,  յուրաքանչյուր տարի պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար յուրաքանրյուր հրապարակած նիշի համար: Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ քանի որ վերոնշյալ հիմնադրամը բացի սոցիալական նշանակությունից ունի նաեւ բարոյական, համապետական եւ համազգային նշանակություն ու կառույցի գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից, այլ անձանց նվիրատվություններից, ուստի օրենսդրական կարգավորումով առաջարկվում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները հրապարակել անվճար հիմունքներով` սահմանելով այն որպես բացառություն, ինչպես գործող օրենքով նախատեսված է ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Հարակից զեկուցող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հորդորել է անփոփոխ թողնել նախագիծը, իսկ Կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ նկատի ունենալով հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները, ինչպես նաեւ նախորդ տարիների հրապարակային ծանուցման վճարների չափը՝ գործադիրը կարծում է, որ հիմնադրամի հրապարակային ծանուցման տարեկան վճարը շոշափելի ազդեցություն չունի վերջինիս բյուջեի վրա: Ուստի Կառավարությունն առաջարկում է նախաձեռնությամբ քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Նախաձեռնությունը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության  հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ այն է՝ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է: Նախատեսվող կարգավորմամբ ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռվում նշանակել ավելի մեղմ պատիժ:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է սահմանել պատգամավորի հարցմանը իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատասխան տրամադրելու հնգօրյա ժամկետ, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում երեքշաբաթյա ժամկետ: Ըստ հեղինակի՝ նման կարգավորումը հնարավորություն կտա առավել արդյունավետորեն կազմակերպելու պատգամավորի գործունությունը եւ իրացնելու նրա համար օրենքով նախատեսված երաշխիքները՝ խուսափելով չարդարացված ձգձգումերից:

Կառավարության տեսակետը ներկայացնող ՀՀ արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են եւ գործադիրն առաջարկում է քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները ողջունել են պատգամավորի կարգավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:

Հարակից ցեկուցող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է երկշաբաթյա ժամկետ բառը փոխարինել երեսունօրյայով, ինչը ընդունելի է համարվել հեղինակի կողմից:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի՝ նախաձեռնությամբ  առաջարկվում է կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը՝ պատժել տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով նախաձեռնությունը՝ գործադիրը կարծում է, որ բարձրացված հարցին փաթեթով տրվում է իրավիճակային կարգավորում եւ առաջարկում է ձեռնպահ մնալ դրա ընդունումից:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կողմ լինելով վերոնշյալ արարքները քրեականացնելուն՝ դեմ է առաջարկվող ձեւակերպումներին:

Գործադրի հետ համատեղ աշխատելու նպատակով Նաիրա Զոհրաբյանն ընդունել է հարցի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգելու Կառավարության առաջարկը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասինե օրինագիծը եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հետաձգվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները: 
 
Որոշում է կայացվել նիստը շարունակել մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ին:


19.04.2024
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան
Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ...

19.04.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Խոսելով  «Ակադեմիա...

19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...