Տպել
23.05.2019
Քննարկվել են «Բռնադատվածների մասին» եւ «Փաստաբանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 2

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ մայիսի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ ներկայումս բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու հարաբերությունները կարգավորված են Կառավարության1994 թվականի 551 որոշմամբ: Ըստ փոխնախարարի՝ Սահմանադրությամբ վարչարարությունը պետք է իրականացվի վարչական մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից: Այս հարաբերությունները միջգերատեսչական հանձնաժողովի տիրույթից որեւէ լիազոր մարմնի իրավասությունների շրջանակ տեղափոխելու խնդիր է առաջացել: Առաջարկվում է այն վերապահել արդարադատության նախարարությանը՝ որպես ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի: Նախարարին կտրվի որոշակի իրավահարաբերությունների կարգավորման լիազորություն, ինչն անհրաժեշտ է վարչարարության պատշաճ իրականացման համար:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն իր դրական տեսակետն է հայտնել նախագծի առնչությամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը նշել է, որ առաջարկվում է հստակեցնել օրենքի կարգավորման առարկայի ոլորտները, որպես փաստաբանության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմքեր՝ նախատեսել Վարչական դատավարության օրենսգիրքը: Անհրաժեշտություն է առաջացել «Փաստաբանության մասին» օրենքը համադրել 2018 թ. ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների հետ եւ համանման կարգավորումներ նախատեսել նաեւ այդ օրենքում: Խնդիր է դրվում հստակեցնել արտոնագրի կասեցման հիմքերին առնչվող հարաբերությունները: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում կընդլայնվի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, այն կտրամադրվի նաեւ օտարերկրացիներին` արտաքսման հետ կապված բողոքարկումները դատարան ներկայացնելու համար: Ներկայացուցչությունը կլինի անվճար անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու վարույթներում, ինչպես նաեւ քաղաքացու գործունակության վերականգնման հետ կապված հարաբերություններում: Առաջարկվում է հստակեցնել հանրային պաշտպանի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները, հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու եւ այն համալրելու կարգը կսահմանի Փաստաբանների պալատի խորհուրդը:

Հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը նախաձեռնության առնչությամբ ներկայացրել է դրական եզրակացություն:

Քննարկումների արդյունքում երկու օրենսդրական նախաձեռնությունները ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Թագուհի Թովմասյանի առաջարկով հանձնաժողով է հրավիրվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշել է, որ ԲԴԽ իրավասությանը վերաբերող հարցերի շրջանակ կորոշվի եւ ըստ այդմ էլ Գագիկ Հարությունյանի հետ քննարկում կկազմակերպվի: