Տպել
23.05.2019
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովների աշխատանքից
1 / 4

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանը եւ Արտակ Մանուկյանը մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել կառույցի՝ մայիսի 15-16-ը Բաթումիում տեղի ունեցած աշխատանքների վերաբերյալ:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ կայացել են Իրավական եւ քաղաքական հարցերի, ինչպես նաեւ Տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովների 53-րդ եւ 52-րդ նիստերը, որոնց մասնակցել եւ ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության անդամները:

Աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, որեւէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:

Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի քննարկումների առանցքում եղել են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Մյուս հանձնաժողովում, որի աշխատանքը վարել է Վահե Էնֆիաջյանը, տեղի են ունեցել «Կանաչ տնտեսություն, կապույտ աճ» անվանումն ստացած թեմայով քննարկումներ, որի շրջանակում ելույթ է ունեցել նաեւ Արտակ Մանուկյանը: Նա խոսել է արեւային էներգիայի օգտագործման հարցից, ներկայացրել այդ ճյուղի վերաբերյալ Հայաստանի հնարավորություններն ու չօգտագործված ներուժը: Հայ խորհրդարանականն անհրաժեշտ է համարել ներդրումներ ներգրավելով՝ զարգացնել այն:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աջարիայի Առեւտրատնտեսական պալատի ներկայացուցիչների, գործարարների, ինչպես նաեւ հայ համայնքի անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Վրաստան կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Վահե Էնֆիաջյանը դրական է գնահատել նորակազմ հայկական պատվիրակության աշխատանքը կառույցում, անդրադարձել վեհաժողովի՝ Բաքվում կայանալիք լիագումար նիստում քննարկվելիք հարցերին՝ նշելով, որ այդ ընթացքում տեղի է ունենալու ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրությունը:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...