Տպել
22.05.2019
Քննարկվել են վիճակախաղերին եւ հարկային ոլորտին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 22-ին հրավիրված նիստում քննության է առել տնտեսության, վիճակախաղերի եւ հարկային ոլորտներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումամբ ընդունված օրենքի նախագծով  հաստատված մեկ տոննա ցեմենտի համար 22 հազար դրամ պետական տուրքը գործադիրն առաջարկում է սահմանել 14 հազար դրամ:

Ըստ նախարարի՝ նպատակն է պահպանել ցեմենտ արտադրող ձեռնարկություններում գործող աշխատատեղերը եւ նպաստել շուկայում մրցակցային պայմանների բարելավմանը: Ցեմենտի կլինկերի որեւէ տուրք չի սահմանվելու: Օրենքը կգործի մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ը: Ժամկետի սահմանումը պայմանավորված է շուկայի ամբողջական ուսումնասիրությամբ ու խնդիրների վերհանումով:

Հնչել են տարատեսակ կարծիքներ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները դեմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Նշվել է, որ անհրաժեշտ է օրենսդրորեն սատարել տեղի արտադրողներին:

Քննարկման արդյունքում օրենսդրական նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Ըստ հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, որի համաձայն ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Առաջանում է արհեստական խոչընդոտ, մասնավորապես, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր:

Պատգամավորը նշել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել  տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը, վերացնել  գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավել պետության կողմից տնտեսվարողներին մատուցվող ծառայությունները:

Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն առաջարկվել է դրական  եզրակացությամբ ընդգրկել նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի,  Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով փորձ է արվում սահմանել, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

Ներկայում նման վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է երկրի ողջ տարածքում. դրանց գերակշիռ մասը տեղակայված է մարդաշատ բնակավայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը՝ նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանն, ինչպես նաեւ խաղամոլության դեմ պայքարին:

Նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը: Սահմանվում է նաեւ այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գործընկերների առաջարկները:  Ըստ այդմ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսվում է թույլատրել գործունեություն ծավալել մեկական, մարզկենտրոններում` երկուական կետերի:

Ալեն Սիմոնյանն առաջարկել է Երեւանում առաջնորդվել, այսպես ասած, ընտրատարածքային սկզբունքով: Մեծ վարչական շրջաններում թույլատրել երկուական, փոքրերում՝ մեկական կետերի գործունեություն: ԱԺ նախագահի տեղակալը դեմ է արտահայտվել օրենքի ուժի մեջ մտնելը մեկ տարի ժամկետով հետաձգելուն:

Կառավարության եզրակացությունը դրական էր:

Այս հարցի եւ օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի քննարկումը կշարունակվի մայիսի 23-ին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: