Տպել
21.05.2019
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ մայիսի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:

Հանձնաժողովի անդամները Ներսես Երիցյանի ներկայացմամբ քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ծրագրին՝ զեկուցողը ներկայացրել է մակրոտնտեսական այն միջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը եւ մշակվել դրամավարկային քաղաքականությունն առաջիկա ժամանակահատվածի համար:

Համաձայն ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019 թվականի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոսի միջակայքում, այս պահին այն գնահատվում է 5 տոկոսի շրջանակում: 2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը:

Եռամսյակի սկզբում ԿԲ-ն անհրաժեշտ է համարել փոքր ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը, իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից սահմանելով 5.75:

Ներսես Երիցյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կանխատեսվող տնտեսական աճին, սպառողական զամբյուղի վերանայման հավանականությանը, գնաճի հաշվարկին եւ այլն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Նիստում որոշում է ընդունվել Հաշվեքննիչ պալատի առողջապահության բնագավառում ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...