Տպել
17.05.2019
Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները՝ Ազգային ժողովում
1 / 8

Մայիսի 17-ին Ազգային ժողով են այցելել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի կառավարման դպրոցի ուսանողները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Այցի նպատակն է ծանոթանալ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, զարգացումներին, ստանալ քաղաքական օրակարգային որոշ առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:

Պատգամավորն ուսանողներին ներկայացրել է հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի: Բանախոսը նկարագրել է խորհրդարանի կառուցվածքը, ներկայացրել մշտական հանձնաժողովների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգը:

Համազասպ Դանիելյանն ուսանողների խնդրանքով անդրադարձել է Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, Արցախյան հակամարտության հիմնախնդրին, պատասխանել մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի:

Այցի կազմակերպիչ Տորոնտոյում բնակվող հայազգի Հարութ Մանուգյանը, ով այս տարի ավարտում է ուսումնառությունը համալսարանում, վստահ է, որ Հայաստան այցելած կառավարման դպրոցի շրջանավարտները հետագայում իրենց երկրներում ի շահ Հայաստանի կներկայացնեն մեր երկրին վերաբերող մի շարք ռազմավարական հարցեր: