National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.05.2019
Դեղերի շրջանառությանն առնչվող խնդիրները քննարկվել են ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ խնդիրը հիմնականում առնչվում է դեղերի շուկայում ԱԱՀ-ից հրաժարվելուն եւ գնային կարգավորմանը: Ըստ նրա՝ պետք է գնային կարգավորումը վերաբերի ոչ միայն փոխհատուցվող դեղերին, այլեւ ողջ շուկային: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ դեղերի շուկան պետք է ազատվի ավելացված արժեքի հարկից: Նրա գնահատմամբ՝ դեղերի շրջանառությունն առնչվում է քաղաքացիների առողջությանը, առողջ սերունդ ունենալուն եւ դեղերի հասանելիության խնդրին:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է դեղերի շրջանառության ոլորտում գնային քաղաքականության ձեւավորմանը եւ տարածաշրջանի երկրներում առկա վիճակագրությանը: Համեմատելով հայկական եւ վրացական շուկաները՝ փոխնախարարն առանձնացրել է մեր երկրի էական առանձնահատկությունները՝ շուկայի փոքրություն, գնողունակության սահմանափակություն եւ բյուջեի հաշվին գնվող դեղերի փոքր ծավալ: Ըստ նրա՝ դրանք լուրջ ազդեցություն ունեն գնագոյացման հարցում: Նշվել է, որ տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում դեղերի ոլորտում ԱԱՀ ամենաբարձր տոկոսադրույքն է գործում: Նախարարի տեղակալի խոսքով՝ դեղերի գները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն եւ այս հարցում անելիքներ ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերության տնօրենի տեղակալ Ալբերտ Սահակյանը դեղերի ոլորտի ուսումնասիրության հարցում կարեւորել է շուկայի վրա բյուջեի ազդեցության գնահատումը:

Քննարկումների ընթացքում պատգամավորներն ու ոլորտի մասնագետներն անդրադարձել են չգրանցված դեղերի վաճառքին եւ դրա դեմ պայքարի մեխանիզմներին, դեղերի գների նվազեցմանը, դեղերի ապօրինի շրջանառության հարցում ներմուծման կարգի ունեցած ազդեցությանը, դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցմանը եւ այլն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դեղերի գրանցումն իրականացնում է առողջապահության նախարարությունը՝ նախարարի հրամանով, իսկ փորձագիտական մասն ապահովվում է փորձագիտական կենտրոնը: Նշվել է, որ փոխհատուցվող դեղերի գնային կարգավորման մասով կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի: Նարեկ Զեյնալյանն առաջարկել է հնարավորություն տալ նախարարությանը փուլային տարբերակով գնային կարգավորում նախատեսել բոլոր դեղերի մասով:

Նշվել է, որ առաջիկայում հանձնաժողովը դեղերն ԱԱՀ-ից ազատելուն եւ դեղերի գնային կարգավորմանը վերաբերող օրենսդրական առաջարկ կներկայացնի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am