National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.05.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.05.2019
Շարունակվել է ՀՀ ԱԺ նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի  առաջարկով  պատգամավորները շնորհավորել են քաղաքացիներին  Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Խորհրդարանականներն այնուհետեւ շարունակել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ ծանոթանալով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, որը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը: Կառավարությունն առաջարկում է   պատասխանատվության ենթարկել  արգելանքի տակ գտնվող անձանց նաեւ այն ժամանակ, երբ վերջինները փախուստի են դիմում ոչ միայն ազատազրկման վայրից, նաեւ` քաղաքացիական հիվանդանոցից,  դատարանի շենքից կամ   տեղափոխվելիս:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սերգեյ Ատոմյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել Հայ կինոյի օր: Ապրիլի 16-ն ընտրվել է, քանի որ 1923 թվականի այդ օրն է հիմնվել «Պետկինոն», որը հետագայում՝ 1966 թվականին, վերանվանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: «Պետկինոն» եղել է հայկական առաջին կինոկառույցը, որի ջանքերով ստեղծվել են հայկական կինոժառանգության առաջին պատմական նմուշները՝ Համո Բեկնազարյանի «Նամուս», «Զարե», «Խասփուշ», «Շորն ու Շորշորը» եւ այլ համր ֆիլմերը, որոնք, ըստ հեղինակի,  համաշխարհային կինոժառանգության մաս են կազմում: Ըստ զեկուցողի՝ «Պետկինոյում» է ստեղծվել նաեւ առաջին հայկական հնչուն ֆիլմը՝ Համո Բեկնազարյանի «Պեպոն» եւ այլն: Նշվել է, որ  տարիներ շարունակ ապրիլի 16-ը հայկական կինոյում ընդունված է համարել հայ կինոյի օր, ուստի առաջարկվել է այն ամրագրել օրենքով: Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնությամբ հանդես գալու համար իրեն  դիմել են կինոգործիչները:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Աննա Կոստանյանը եւ պարզաբանել, որ թեեւ դեկտեմբերի 28-ին միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ՝ հայ հանրությունը, նշում է Կինոյի միջազգային օրը, այնուամենայնիվ նախաձեռնությունն անհրաժեշտ է ընդունել, քանի որ դրանով նաեւ կարժեւորվի հայկական  կինոարվեստը:

ՀՀ Կառավարության բացասական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը՝ նշելով, որկինոյի օրն ավանդաբար նշվում է դեկտեմբերի 28-ին: Կառավարությունը նաեւ աննպատակահարմար է համարում Կինոյի օրը նշել ապրիլի 16-ին, քանի որ այդ օրը նշվում է Ոստիկանության օրը:

Նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել պատգամավորները:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հեղինակներին  առաջարկել է  որպես Հայ կինոյի օր սահմանել ապրիլի 17-ը: Փոխնախագահը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Կողմ քվեարկելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Նարինե Խաչատուրյանը՝ կարեւորելով գործընկերների նախագիծը:

Վահե Էնֆիաջյանի կարծիքով էլ, եթե կարող ենք ունենալ Քաղաքացու օր, ապա կարող ենք ունենալ նաեւ Կինոյի օր:

Հովհաննես Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, թե նախագծի ընդունման դեպքում այլ մասնագիտական տոներ սահմանելու առաջարկներ կարող են լինել:

Միքայել Մելքումյանը կարեւորել է նախագծի ընդունումն ու հայկական ֆիլմարտադրության զարգացումը:

Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ կինոն կարեւոր խողովակ կարող է լինել հայկական մշակույթը հանրահռչակելու իմաստով: Պատգամավորն առաջարկել է օրն անվանել կինոյի եւ թատրոնի տոն: Նշվել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվեարկել ազատ:

Սերգեյ Բագրատյանը, կարեւորելով տոնի ամրագրումը, եւս առաջակել է այն հռչակել կինոյի եւ թատրոնի օր: Պատգամավորի խոսքով՝ այս հարցում պետք է առաջնային լինեն համազգային ու համամարդկային արժեքները, երկրի առաջնահերթություններից:

Արման Աբովյանի գնահատմամբ՝ կինոն մեծ դեր ունի ազգի ինքնության պահպանման եւ ամբողջ աշխարհում երկրի ճանաչելիության հարցում: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել:

Աննա Կոստանյանը կարեւորել է այն հանգամանքը, որ այդ օրը համաժողովրդական տոն կլինի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ հնարավորություն տալով տեղի բնակիչներին հաղորդակից լինելու հայկական կինոարվեստին:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ մեր երկիրը կարող է աշխարհին ներկայանալ միայն այն ժամանակ, երբ կգնահատենք ու կարժեւորենք մերը:

Կողմ լինելով նախաձեռնության ընդունմանը՝ Հրաչյա Հակոբյանը կարեւորել է օրվա առթիվ այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք կնպաստեն հայ կինոյի զարգացմանը: Նա անդրադարձել է Ազգային կինոկենտրոնի շենքի խնդրին՝ հրավիրելով գործադրի ուշադրությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը եւ օրինագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել են հնչած տեսակետներին ու մտահոգություններին:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Գործադիրն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ բացառապես էլեկտրական շարծիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումը՝ մինչեւ 2022 թ. հունվարի մեկը: Ըստ նախարարի՝ նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար:

Պատգամավորները հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել են էլէկտրամոբիլների անվճար կայանատեղիների խնդրին, դրանց օգտագործման ազդեցության գնահատմանը: Նրանք հետաքրքրվել են, թե պլանավորվում է արդյո՞ք առաջիկայում նման Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների շահագործում, ինչպիսի՞ն են առաջիկա տարիներին նման մեքենաների օգտագործման ծավալների կանխատեսումները: Նախարարը պարզաբանումներ է ներկայացրել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ նախաձեռնության մասին

Ծովինար Վարդանյանի խոսքով՝ նախագիծը երկարաժամկետ տեսլականում կարող է մեկնարկ լինել քաղաքացիների կյանքի փոփոխության հարցում: Նրա կարծիքով՝ նախարարությունը եւ բանկային համակարգը էլեկտրամոբիլների հարցում պետք է մշակեն ավտովարկավորման գործիք, որը նպաստավոր պայմաններ կառաջարկի քաղաքացիներին:

Գուրգեն Բաղդասարյանն առաջարկել է սահմանված 2,5 տարի ժամկետը հանել՝ մասնավորին հնարավորություն տալով ռիսկերը գնահատել եւ ոլորտում ներդրումներ անել:

Միքայել Մելքումյանը կարեւորել է նախագծի ընդունումը եւ առաջիկայում ԵԱՏՄ բոլոր հարթակներում նման մեքենաների ներկրման խնդրի բարձրաձայնումը:

Արկադի Խաչատրյանը, արժեւորելով նախագծի ընդունումը, կարծիք է հայտնել, որ նախաձեռնությանը պետք է նախորդեր համալիր հայեցակարգ եւ գործողությունների ծրագիր. ԱԱՀ-ից ազատումն այդ համալիր գործընթացի մի մասը պետք է լինի:

Արմեն Եղիազարյանը խոսել է երեկ հայտարարությունների ժամին իր կողմից հնչեցված խնդիրների մասին:

Եզրափակիչ ելույթում Էրիկ Գրիգորյանը նշել է, որ նախարարությունը տնտեսվարողներից ստացել է նամակներ ու գրություններ. նրանք նախատեսում են եւ՛ լիցքավորման կայանների ստեղծում, եւ՛ տեխնիկական սպասարկման կարողությունների ձեւավորում, եւ՛ համագործակցություն:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախագծով առաջարկվել է լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին եւ  92-րդ հոդվածներում, որոնցով ամրագրվել են «սակավաջրություն» եւ «երաշտ» հասկացությունները, հստակեցվել են լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է Մերի Գալստյանը: Նշվել է, որ նախագծի առնչությամբ իրավական եւ տնտեսագիտական փորձաքննություններ են իրականացվել, տրվել են դրական եզրակացություններ:

«Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչեւ 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով եւ 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքի գումարը կամ դրա վճարված մասը վճարելու պարտավորությունից: Սա վերաբերում է բեռնատար մեքենաներին: Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թ. հունվարի մեկը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5 եւ 15.6 կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձանց առաջարկվում է ազատել պետտուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվի պետական տուրքի մայր գումարը: Նախարարի հստակեցմամբ՝ նախագծի այս մասը վերաբերում է առանց լիցենզիայի շահագործվող տաքսիների տույժերին եւ պետական լիցենզիա ստացած, բայց պետտուրքը չվճարած տաքսիներին:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը: Նա նշել է, որ ֆինանսական համաներման պարբերաբար կիրառումն ունի նաեւ իր բացասական հետեւանքները: Այն ոչ միայն որոշակի խտրականություն է առաջացնում բարեխիղճ եւ անբարեխիղճ քաղաքացիների եւ տնտեսվարողների շրջանում, այլ նաեւ՝ սպասումներ հերթական համաներման նկատմամբ: Պատգամավորի տեղեկացմամբ՝ ներկայում Կառավարությունը քայլեր է ձեռնարկում հարկերի, վճարների ողջամիտ սահմանման ուղղությամբ, որի արդյունքում հարկերը եւ պարտադիր վճարները կլինեն համաչափ ձեռնարկատիրական գործունեությանը եւ մարդկանց եկամուտներին:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները հանել մասնավորեցման ցանկից:

Նախարարի խոսքով՝ ներկայում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանրապետությունում գործող եւ օնկոլոգիական բուժօգնության ու հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր, բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է, իսկ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը համապատասխան հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է: Ուստի, ըստ Արսեն Թորոսյանի, առավել նպատակահարմար է, որ կենտրոնները գործեն պետական համակարգում: Նախարարը նշել է, որ հաշվի առնելով կազմակերպությունների բացառիկությունը, կարեւորությունը եւ ռազմավարական նշանակությունը՝ դրանց գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է՝ չբացառելով մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավման միջոցով վերոնշյալ կենտրոնների զարգացմանը, բուժկենտրոններում կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրմանը, հիվանդանոցների արդիականացմանը, բժիշկների վերապատրաստմանը, օնկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելմանը:

Գլխադասային՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք (2017թ. 20.285), որոնցից 11 հազար 344-ը՝ Երեւանում: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 11.2%-ով: 2018 թվականի ընթացքում ծանր հանցագործությունների ավելացումը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների եւ բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Զեկուցողը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի խստացման նկատառումներով ՀՀ դատախազությունում մշակվել եւ ՀՀ Կառավարություն է ուղարկվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրենքի նախագիծ: Արթուր Դավթյանի խոսքով՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակի՝ սպանության մասով: Չնայած 2018 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերն աճել են, սակայն, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, դա ամենեւին չի վկայում երկրում քրեածին վիճակի վատթարացման մասին: Նշվել է, որ դատախազության հիմնական առաջնահերթություններից է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ խորհրդարանը կաջակցի դատախազության ոլորտի բարելավմանն ուղղված  օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը:

Վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Հաղորդման մասին քննարկումը կշարունակվի մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ին:


08.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային Ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ:   ...

08.05.2019
Տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ են այցելել խորհրդարան
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 8-ին խորհրդարան էին այցելել ՀՀ  Գեղարքունիքի  մարզի   Ծաղկունքի  դպրոցի  եւ  Երեւանի «Էլիտա» միջնակարգ  դպրոցի  աշակերտներն  ու  ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողո...

08.05.2019
Խորհրդարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ: Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS