Տպել
07.05.2019
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, քննարկել գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած երկու օրենսդրական նախաձեռնությունները ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը:

Քննարկման արդյունքում նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է պատգամավորների հավանությանը եւ ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն առաջին ընթերցումից հետո փոփոխության չէր ենթարկվել:

Փաթեթի հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արդեն նկատելի են դրական ազդակները. շատ ընկերություններ հանել են սովորողների կողմից ինքնուրույն կատարման ենթակա աշխատանքների՝ ռեֆերատների, կուրսայինների, դիպլոմայինների, ատենախոսությունների գովազդը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սոֆյա Հովսեփյանը, Կառավարության դրական կարծիքը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Ըստ նրա՝ օրինագծերը կարեւոր, սակայն ոչ բավարար միջոցառումներ են խնդիրը կարգավորելու համար: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Կառավարությունը մշակում է օրենսդրական եւ ենթաօրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են լինելու խնդրի ամբողջական լուծմանը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկում է, որպեսզի տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ թույլատրվի իրականացնել ժամը 22-00-ից մինչեւ առավոտյան 7-00-ը՝ ոչ ավելի, քան 3 րոպե: Ըստ այդմ՝ գովազդը հեռուստատեսությամբ չի կարող մեկ ժամվա ընթացքում երկու անգամից ավելի լինել, եւ այդ ընթացքում ընդհանուր տեւողությունը չի կարող 60 վայրկյանից ավելի լինել: Ռադիոընկերություններով գովազդն առաջարկվում է իրականացնել առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 22-00: Առաջարկվում է ամբողջությամբ վերացնել արտաքին գովազդը, իսկ կայքերում թույլատրել 20 տոկոսի չափով եւ այլն: Նշվել է, որ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տոտալիզատորների ու ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի կարող իրականացվել մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

Կառավարության դրական կարծիքն ու նաեւ առաջարկները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է հեռուստատեսային գովազդը հեռարձակել գիշերային ժամերին՝ 24:00-ից առավոտյան 06:00-ն: Եզրափակիչ ելույթում հեղինակն այս առաջարկն ընդունելի չի համարել:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական դիրքորոշումներն ու առաջարկներն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Աննա Կոստանյանը, Բաբկեն Թունյանը եւ Ալեն Սիմոնյանը: Պատգամավորները կարեւորել են նշված դաշտի կանոնակարգումը, որն ինչ-որ չափով հնարավոր կլինի իրականացնել նախաձեռնության ընդունմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարվելու մասին» եւ կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ փոփոխություններ: Այսպես՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական նախարարության, լրացվել են նաեւ այս կառույցի գործառույթները: Որոշ փոփոխություններ են կատարվել Կառավարության նիստերը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դրույթում: Սահմանվել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչները: Ըստ այդմ՝ հանձնակատարի հայեցողական պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող եւ երկու օտար լեզվի տիրապետող անձը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է ԱԱԾ-ն դարձնել նախարարություն՝ խորհրդարանական վերահսկողության ներքո: Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է ներկայացված կառուցվածքին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ Կառավարության՝ առաջարկվող նոր կառուցվածքը չի նպաստելու հեղափոխությունից հետո երկրի առջեւ դրված ծրագրերի իրականացմանը: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին՝ վստահեցնելով, որ փոխվելու է գործող «սուպերվարչապետի» ինստիտուտը: Խմբակցությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ իրականացնել եւ ուժային կառույցների ղեկավարներին հաշվետու դարձնել Ազգային ժողովին: Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, ընդդիմությունն այդ առաջարկը մերժել է եւ հարցը կարգավորելու նպատակով հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում Վահագն Հովակիմյանը եւ Արտակ Զեյնալյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է Հայաստանի տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից: Վարազդատ Կարապետյանի կարծիքով՝ նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսությունները հետաքրքված կլինեն տոհմային անասուններ արտադրել եւ իրացնել Հայաստանի տարածքում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը: Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը կնպաստի տոհմային անասնաբուծության եւ տոհմային փոքր ու միջին տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ կապահովի տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունը:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գառնիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ գործադիրն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 դրամի չափով սպառողական վարկերի վրա. այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիներն ունենում են խնդիր` հնարավոր չարաշահումների հետ կապված: Նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել օրենքում գործող սահմանաչափը՝ այն տարածել մինչեւ տասնհինգ միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա:

Կառավարության եզրակացությունը ներկայացնելով՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ գործադիրը սկզբունքորեն դեմ չէ նախագծին: Այդուհանդերձ նա խոսել է որոշ ռիսկերի մասին: Օրենքը, ԿԲ նախագահի տեղակալի համոզմամբ, պետք է պաշտպանի միայն ֆիզիկական անձ սպառողների այն խմբերին, ովքեր չունեն բավարար մակարդակի ռեսուրսներ՝ գնահատելու իրենց ֆինանսական ռիսկերը:

Հարցուպատասխանի ձեւաչափում եւ ելույթներում օրենսդիրներն անդրադարձել են վերջին տարիներին գյուղատնտեսական, արդյունաբերական ու սպառողական վարկավորման աճի տեմպերին, ռիսկայնության չափելիությանը, վարկերի տույժ-տուգանքների զիջման դեպքերին, վերավարկավորման հնարավորություններին եւ այլ խնդիրների: Նախագիծը կարեւորվել է վարկավորմանը, կապիտալի ու բանկերի դերին, տնտեսության կողմից բանկերի ֆինանսավորմանը, փոքր վարկային կազմակերպությունների կողմից 150-200 տոկոսով վարկերի տրամադրմանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաեւ նորաստեղծ բիզնեսի վարկավորման պայմաններին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է տնտեսություն-վարկեր փոխհարաբերություններին, բիզնեսի կայացման եւ զարգացման միտումներին, խոսել այդ հարցում վարկավորման գործընթացի ունեցած դերակատարության մասին:

Եզրափակիչ ելույթում Մանե Թանդիլյանն անդրադարձել է հնչած տեսակետներին:

Առաջին ընթերցմամբ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փորձ է արվում կարգավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին վարկավորման գործընթացը, ինչպես նաեւ առավել խոցելի հատվածի համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Առաջարկվում է օրենքը տարածել նաեւ մինչեւ 5.000.000 դրամ գումարի չափով եւ դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաեւ գերփոքր, փոքր ու միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Նախագիծը նաեւ անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ վարկավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը վարկավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի վարկավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա վարկավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացնել տեղեկատվությունը փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել վարկ ստացողին:

Երկու նախաձեռնությունների վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մայիսի 8-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


26.04.2024
Սարգիս Խանդանյանը Դանիայում հանդիպել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար Դանիայի Թագավորությունում է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ...

26.04.2024
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Ե...

26.04.2024
ՀՌՀ 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում
Արդեն 4-րդ տարին շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորվ...

26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, ո...

26.04.2024
Նոր իրավակարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այս...

26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության ընդունմամբ ...

26.04.2024
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում եւս թվային ծառայություններ մատուցող  օպերատորների ցանկն ընդլայնելու համար: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտ...

26.04.2024
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում
Կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությո...

26.04.2024
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող հոդվածը: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Վերջին տարիների ընթացքում դրանք, ըս...

26.04.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը եւ խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարո...

26.04.2024
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: Հիմնական կարգավորումները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյ...

26.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

26.04.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

26.04.2024
Նիստ կգումարի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ին, 314 դահլիճում:...