Տպել
02.05.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով եւ ապրիլի 16-ը սահմանել որպես Հայ կինոյի օր: Նախատեսվում է, որ տոնական օրը կլինի աշխատանքային: Ապրիլի 16-ն ընտրված է, քանի որ, ինչպես նշել է համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը, 1923 թվականի այդ օրն է հիմնադրվել «Պետկինոն», որը հետագայում՝ 1966 թվականին, վերանվանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ թեեւ ապրիլի 16-ը որպես տոն նշված չէ հայկական տոնացույցում, այնուամենայնիվ, հենց այդ օրն է Հայաստանի Ազգային կինոակադեմիան անցկացնում հայ կինոյի միակ՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, այդ օրն են անցկացվում բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:

Նախագիծը հարակից զեկույցում դրական է գնահատել եւ ընդունումը կարեւորել հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը:

ՀՀ Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Տարբեր էին նաեւ հանձնաժողովի անդամների տեսակետները. պատգամավորների մի մասն անհրաժեշտ էր համարում ունենալ Հայ կինոյի օր, մյուսները կարծում էին, որ բավարար է նաեւ այն, որ դեկտեմբերի 28-ին միջազգային հանրությունը, որոնց թվում նաեւ Հայաստանը, նշում է Կինոյի միջազգային օրը:

Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով արգելվում է կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի՝ աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն, կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Կարգի խախտման դեպքում նախատեսվում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հեղինակի տեղեկացմամբ՝ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի փոփոխվել, քանի որ չեն եղել առաջարկներ: Նա իրազեկել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արդեն նկատելի են արդյունքները. շատ ընկերություններ արդեն իսկ հեռացրել են իրենց ծառայությունները գովազդող հայտարարությունները:

Փաթեթը կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երեք` Կրթության եւ գիտության, Մշակույթի, հայրենադարձության եւ սփյուռքի հետ կապերի, սպորտի եւ երիտասարդության, Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծին, որի նպատակը հանձնաժողովի աշխատանքն առավել դինամիկ եւ օպերատիվ դարձնելն է:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...