National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.01.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
30.04.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քանի դեռ Արցախը ներկայացված չէ միջազգային կառույցներում, ՀՀ խորհրդարանն Արցախի ձայնն է այդ կազմակերպություններում: Նա հավելել է, որ ինքը եւ բազմաթիվ պատգամավորներ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրները մշտապես բարձրաձայնում են հնարավոր բոլոր միջազգային հարթակներում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցել Արցախի ՄԻՊ-ի հետ:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները, դրանց վերհանման հարցում կարեւորել ՀՀ Ազգային ժողովի եւ քաղհասարակության դերակատարությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ ՄԻՊ-ի եւ ԱԺ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խնդիրների վերհանման եւ լուծման հարցում: Այս համատեքստում բանախոսը տեղեկացրել է, որ արդեն իսկ արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա աշխատակազմի հետ:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածությամբ եւ Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է, ինչը բացասաբար է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Այս համատեքստում Արցախի ՄԻ պաշտպանն առանձնացրել է պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության թույլ կարողությունների ու ռեսուրսների սակավության հարցը, որտեղ լրջագույն պատճառ է միջազգային շփումների պակասը: «Արցախի եւ Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ կա սերտ համագործակցություն եւ փորձի փոխանակումը տեղի է ունենում այս խողովակով»,-ասել է ՄԻ պաշտպանը՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել քաղհասարակության մասով. Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս առումով ակտիվ չեն:

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն դեռեւս մուտք չեն գործել եվրոպական եւ ՄԱԿ-ի համապատասխան մշտադիտարկման մարմինները, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, դա հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում:

Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ արձանագրելու համար մարդու իրավունքների այն խախտումները, որոնք պայմանավորված են Արցախի չճանաչվածությամբ եւ Ադրբեջանի վարքով: Նշվել է, որ ամբողջական փաթեթը՝ կոնկրետ օրինակներով ու խնդիրներով, կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին, այն հնարավորություն կտա միջազգային հարթակներում առավել համակարգված ներկայացնել խնդիրները:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հետ աշխատանքի օրակարգ ձեւավորել՝ հենվելով ընդունված միջազգային կոնվենցիաների վրա, որոնք վավերացրել է նաեւ Ադրբեջանը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում դիմելու է ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար միջազգային կառույցներում ներկայացվելիք խնդիրների համակարգված օրակարգը:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում կարեւորել են միջազգային կառույցներում աշխատանքային ծրագրի կազմումը, Հայաստանի եւ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների համագործակցությունը, խոսել ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման հիմքերի մասին: Արտակ Բեգլարյանն իրազեկել է, որ առաջիկայում Արցախի եւ ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների ֆորում կազմակերպելու նպատակ կա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS