Տպել
29.04.2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի:

Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում:

Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը:

Մարեկ Բենդան հետաքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են խոսքի ազատությանը, կարեւորել մեզ մոտ եվրոպական իրավաքաղաքական մշակույթի ներդնումը, ժողովրդավարական կառույցների կատարելագործումը: