Տպել
25.04.2019
Լիլիթ Մակունցը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ապրիլի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ թեեւ Հայաստանում դեսպանություն ներկայացված չէ, սակայն առկա են երկկողմ համագործակցության լայն հնարավորություններ: Նա կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Էստոնիայում նույնպես խորհրդարանը նոր է ձեւավորվել եւ առաջիկայում նախանշվում է համատեղ հանդիպում բարեկամական խմբի շրջանակում: Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Էստոնիայի հետ սերտ համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորություններին՝ դեսպան Կաի Կաարելսոնը կարեւորել է մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա փաստել է, որ առկա է հայ-էստոնական համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր: