Տպել
25.04.2019
Խորհրդարանում հյուրընկալվել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությունը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 25-ին ընդունել են Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը՝ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Աուչ Բորիթի գլխավորությամբ:

Լենա Նազարյանը, նշելով, որ հայ ժողովուրդը տոնում է թավշյա հեղափոխության մեկամյակը, ներկայացրել է 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված նոր խորհրդարանի առաջնահերթությունները:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է 2018 թվականին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին Կամբոջայի Թագավորության փոխվարչապետի մասնակցությունը:

Ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություններում՝ Լենա Նազարյանը նշել է, որ ՀՀ օրենսդիր մարմնում դեռեւս ստեղծված չէ Հայաստան-Կամբոջա բարեկամական խումբը եւ կարեւորել դրա ձեւավորումը: Նա բարձր է գնահատել միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա համագործակցությունը:

Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել Կամբոջայի պատվիրակությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել երկկողմ կապերի հաստատմանը՝ ընդգծելով, որ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինները պատրաստակամ են այդ հարցում:

Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, փոխայցերը, խոսել տարբեր բնագավառներում, մասնավորապես զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին: