Տպել
18.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսականների հետ
1 / 7

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների խումբը, որոնք ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը, ապրիլի 18-ին խորհրդարանում հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի որոշ անդամների հետ:

Ողջունելով կոնգրեսականներին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում առկա առաջնահերթությունները: Նա հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կհստակեցվի հայ-ամերիկյան համագործակցության հիմնական ձեւաչափը: Բանախոսն ընդգծել է նոր Հայաստանի իշխանության գործադրած ջանքերը ժողովրդավարության ամրապնդման գործում: Լիլիթ Մակունցը կարեւորել է Կառավարության հետ թիմային համագործակցությունը՝ զսպումների եւ հավասարակշռման սկզբունքի կիրառմամբ: Ընդգծելով տնտեսական բարեփոխումների կարեւորությունը՝ այս ուղղությամբ առաջնային քայլերից է համարել Հարկային օրենսգրքի բարեփոխումները: Խորհրդարանական ինստիտուտի կայացման հարցում խմբակցության ղեկավարը ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, միջազգային հարթակներում խորհրդարանականների պարբերաբար մասնակցությունը: Լիլիթ Մակունցն անհրաժեշտ է համարել անկախ, ապաքաղաքական, հետազոտական կենտրոնի ստեղծումը՝ համալրված փորձառու մասնագետներով:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հանձնաժողովների գործառույթներին, իրականացվող աշխատանքներին: Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերը մեծացնելու անհրաժեշտություն կա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում բարեփոխումներ կատարելու մեծ հնարավորություններ կան: Նա նշել է, որ ժողովրդի իշխանությունը պետք է ճիշտ վերաբաշխել իշխանության երեք ճյուղերի միջեւ: Քաղաքական համակարգն առողջացնելու պարագայում, ըստ բանախոսի, երկիրն աստիճանական զարգացում կունենա:

Գայանե Աբրահամյանը, Տաթեւ Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Իգիթյանն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հիմնախնդրին՝ շեշտելով այդ հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը:

Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ Հայաստանն այս պահին հետեւողականորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարեւորել է Արցախը՝ որպես բանակցային կողմ ներգրավելու հանգամանքը:

ԺԳՀ համանախագահ Վերն Բուքանանը շնորհակալություն է հայտնել հայ խորհրդարանականներին ջերմ հյուրընկալության եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար: Նրա խոսքով՝ առկա է համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ եւ ամերիկյան կողմը ցանկանում է գործնականում օգտակար լինել:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել ապատեղեկատվության, աշխատակազմի կարողությունների հզորացման, փորձի փոխանակման, ուժային համակարգում կադրային համալրման, տնտեսական հեղափոխության տեսլականին վերաբերող հարցերի շուրջ: