National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
17.04.2019
Խորհրդարանը հերթական նիստում շարունակել է Կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները
1 / 2

Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները  հարցեր են ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որը նախորդ օրն առաջին ընթերցմամբ  պատգամավորների քննարկմանն էր ներկայացրել  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,   «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,  «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,   «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցերի շրջանակում Արտակ Զեյնալյանը նշել է, որ Կառավարության կառուցվածքի փոփոխություններ նախաձեռնելիս քննարկվել է շուրջ  20 տարբերակ, որոնցից ընտրվել է 12 նախարարություն ունենալու մոդելը, որն ամենաարդյունավետն է եւ  որի  առանձնահատկություններից մեկը  նախարարություններում կրկնվող գործառույթների վերացումն է: Հնչել է հարց, թե ո՞րն է փոփոխությունների նպատակը. ունենալ արդյունավետ կառավարման համակարգ, թե՞ խնայողություններ: Նախարարը պարզաբանել է, որ եւ բարձրացվելու է կառավարման արդյունավետությունը, եւ լինելու են խնայողություններ:  Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախարարությունների միաձուլման արդյունքում կկրճատվեն մի քանի տասնյակ հաստիքներ, որոնք հիմնականում քաղաքական կամ հայեցողական են:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս պահին հստակ չէ, թե որքան գումար է տնտեսվելու կրճատումների արդյունքում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը: Նա նշել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Կառավարության կառուցվածքի վերաբերյալ փոփոխություններ նախաձեռնելու որոշում կայացնելու իրավունքը պատկանում է Կառավարությանը:  Ըստ զեկուցողի՝ գործող  համակարգն անարդյունավետ է, քանի որ մի շարք կառույցներ եւ հաստիքներ  ժամանակին ստեղծվել են՝ որոշ անձանց աշխատանքով ապահովելու համար: Պետական կառավարման համակարգն  աշխատատեղեր ապահովելու տեղ չէ. ասել է Վահագն Հովակիմյանը եւ հավելել, որ  առաջարկված փոփոխությունների նպատակը կառավարման համակարգի արդյունավետության ապահովումն է:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հերթագրվել են մոտ երկու տասնյակ պատգամավորներ:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ նախկինում եղած արատավոր երեւույթներն այս նախագծով չեն շտկվում, մասնավորապես՝  չի վերացվում սուպերվարչապետական  համակարգը: Նա ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք, ըստ նրա՝ հարիր են խորհրդարանական կառավարման երկրին:

Արտակ Մանուկյանը   պարզաբանել է, որ նախարարությունների անվանափոխումը չի նշանակում դրանց գործառույթների վերացում: Ըստ նրա՝ փոփոխությունները կարեւոր են եւ քաղաքական, եւ տնտեսական տեսանկյուններից:

Կարեն Սիմոնյանի գնահատմամբ՝ օրենսդրական նախաձեռնությունից չի երեւում, թե ինչպիսի պետություն եւ կառավարման ինչպիսի մոդել ենք ուզում ունենալ: Նրա կարծիքով՝ չի երեւում նաեւ, թե որոնք են առաջնահերթությունները մեր երկրում: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ի՞նչ ժամկետում է կատարվելու մի քանի հարյուր հաստիքների կրճատումը:

Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է  գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին, անհամաձայնություն հայտնել որոշ կարծիքների կապակցությամբ: Ըստ նրա՝ խնայողություններ կարելի է անել՝ կարեւոր պաշտոններում չնշանակելով անտեղյակ մարդկանց, որոնք ձախողում են համակարգը:

Մանե Թանդիլյանը տարակուսանք է հայտնել օրենսդրական փաթեթի առնչությամբ, մասնավորապես նշել այն մոդելը, ըստ որի Պետական եկամուտների կոմիտեն կարող էր ավելի լավ աշխատել: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել ՊԵԿ նախագահի՝ 5 տեղակալ ունենալու հանգամանքը: Պատգամավորն անարդյունավետ է համարել նաեւ գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունների միաձուլումը:

Գեւորգ Գորգիսյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթում բացակայում է կարիքների եւ ազդեցությունների գնահատականը, ինչը, ըստ նրա՝ շատ կարեւոր է: Բացակայում է նաեւ որոշ կարեւոր ոլորտների, օրինակ, բարձր տեխնոլոգիաների պատվիրակումը որեւէ կառույցի: Պատգամավորը կարծում է, որ խորհրդարանական վերահսկողությունից դուրս է մնալու նաեւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը:

Նախագծերի փաթեթը դրական է գնահատել եւ գործընկերների  ելույթներին ու  առաջարկներին անդրադարձել  Արմեն Փամբուխչյանը՝  պարզաբանելով, որ կառավարման մոդելի վերաբերյալ իշխանությունն իր տեսլականն  ու պատկերացումներն ունի: Այս համատեքստում նա պարզաբանել է, որ կրճատվելու են կրկնվող եւ նույնանման աշխատանք կատարող, ինչպես նաեւ  արհեստականորեն ավելացված հաստիքները:

Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ նախաձեռնության նպատակը կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումն է: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը նախարարություններ դարձնելու առաջարկի առնչությամբ պատգամավորը նշել է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական: Իսկ ուժային կառույցների հանդեպ խորհրդարանական վերահսկողության մասով Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ իրենց խմբակցությունը պատրաստ է այս հարցով ԱԺ խմբակցությունների հետ մշակել օրենսդրական նախագիծ՝ հրավիրելով այդ կառույցներին խորհրդարան հարցուպատասխանի:

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Սփյուռքի նախարարության կազմալուծմանը եւ կարծիք հայտնել, որ Սփյուռքի համայնքների գիտական, սոցիալական, կրթական, տնտեսական եւ մշակութային կարողությունները գույքագրելու խնդիր կա: Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ Հայաստանը Սփյուռքի հետ հարաբերվի առաջարկողի կարգավիճակով, ներկայանա իր հնարավորություններով: Արման Բաբաջանյանն առաջարկել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին տալ փոխվարչապետի կարգավիճակ, ինչպես նաեւ խորհրդարանում ստեղծել Սփյուռքի ներուժի հաշվառմամբ զբաղվող ժամանակավոր հանձնախումբ:

Վիկտոր Ենգիբարյանը եւս կարեւորելով սփյուռքի ներկայացվածությունը կառավարությունում՝ ընդգծել է, որ այսուհետ գործադիր իշխանության ղեկավարը լինելու է Սփյուռքի քաղաքականության պատասխանատուն: Պատգամավորի խոսքով՝ պետք է զարգացնել պետական մարմինները հետո նոր տալ դրանց կառուցվածքը:

Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մի քանի անձանց ձեռքում լավ հանգրվանի չի տանի: Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է վերահսկողական եւ հաշվետվողական մեխանիզմների ու ինստիտուտների զարգացումը, որոնց միջոցով ժողովրդավարությունը կեսագործելի է դառնում:

Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը բեկումնային իրավիճակում է, անցում է կատարում նոր համակարգի, որը որոշակի ժամանակահատված կտեւի: Պատգամավորն ընդգծել է, որ, այո, վերահսկողական ու հաշվետվողական ինստիտուտները պետք է ամրագրեն, ամրապնդեն ու երաշխավորեն ժողովրդավարությունը, բայց նման աննախադեպ փուլում, ըստ նրա, կարեւոր է ուշադրություն դարձնել անձերի վրա, եւ կառավարությունն այս փուլում հաշվի է առել այդ հանգամանքը:

Արփի Դավոյանը, անդրադառնալով այն տեսակետին, թե նախատեսված փոփոխությունները կասկածելի են, հիշեցրել է, որ օրենսդրական փոփոխություններն ուղղված են կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նա հիմնավորումներ է ներկայացրել նախարարությունների միավորման վերաբերյալ, խոսել ԱԱԾ-ի եւ ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման մեխանիզմների մասին:

Սոֆիա Հովսեփյանը խոսել է մասնավորապես մշակույթի նախարարության լուծարման մասին եւ հույս հայտնել, որ հարցը երկրորդ ընթերցման ընթացակարգում կվերանայվի:

Մարիա Կարապետյանի գնահատմամբ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն դարձնելը այս փուլում կվնասի ժողովրդավարությանը: Նրա խոսքով՝ մեր երկրի արտաքին անվտանգությունը փոխկապակցված է ներքին ժողովրդավարությանը, հետեւաբար ուժային այդ կառույցները պետք է մնան ապաքաղաքական մարմիններ: Նա ներկայացրել է իրենց քաղաքական ուժի գործունեության սկզբունքները եւ քայլերը:

Համազասպ Դանիելյանը խոսել է ուժային կառույցների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության արդյունավետ իրացման մեխանիզմների, մեր երկրի ժողովրդավարական զարգացումների մասին:

Կառավարման համակարգի խնդիրներին ծանոթ լինելով՝ Հերիքնազ Տիգրանյանը կարծիք է հայտնել, որ ուռճացված է պետական կառավարման համակարգը: Նրա համոզմամբ՝ օպտիմալացումը միայն հաստիքների կրճատումը չէ, օպտիմալացմամբ համակարգը պետք է բերվի այնպիսի գործելաոճի, որը սեղմ ռեսուրսներով ավելի արդյունավետ աշխատանք կապահովի: Ըստ պատգամավորի՝ մշակութային քաղաքականության արդյունավետ իրականացումը պայմանավորված չէ այդ կառույցի կարգավիճակից:

Հայկ Կոնջորյանը նշել է, որ կառավարության կառուցվածքը երկար տարիներ եղել է քաղաքական տարբեր վերաբաշխումների եւ ստատուս քվոյի պահպանման վատ օրինակ, ինչի մասին խոսել են ընդդիմադիրները: Պատգամավորը կառավարության կառուցվածքի փոփոխությունը համարել է քաղաքական կառավարման նոր եւ արդյունավետ համակարգ կառուցելու կարեւորագույն հանգրվան:

Նաիրա Զոհրաբյանը խոսել է օպտիմալացումից հետո հնարավոր կրճատումների ու դրա հետեւանքների, մշակույթի նախարարության տարալուծման աննպատակահարմարության մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու առաջարկված նախագծին, քանի որ կառավարությունը չի նշում օպտիմալացման պատճառը, օպտիմալացման արդյունքում արդյունավետության որեւէ ցուցիչ, անհայտ է, թե որքա՞ն գումար է խնայվելու, ի՞նչ է լինելու կրճատված եւ կադրերի ռեզերվում գտնվող աշխատակիցների հետ:

Աննա Կոստանյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կազմված է առանց հիմնավորումների, անհասկանալի վերլուծությունների արդյունքում, հստակ չէ նախարարությունների միավորման հիմնավորումը, կառավարման գործառույթների բաշխման տեսանկյունից եւս վիճահարույց է: Աննա Կոստանյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ Մշակույթի նախարարության միավորումը մշտապես բացասաբար է ազդել մշակույթի ոլորտի գործունեության վրա:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ կառավարությունն ութ ամիս աշխատել է նախաձեռնության վրա, հաշվի առել յուրաքանչյուր դետալ ու ռիսկ, այդ թվում Սփյուռքի նախարարության լուծարման հարցում: Պատգամավորը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Վահե Էնֆիաջյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը միգուցե նախարարության բովանդակությունը չէ, այլ կադրերն են: ԱԺ փոխնախագահը կառավարության ներկայացուցչից փորձել է պարզել՝ կա՞ն արդյոք ուսումնասիրություններ, թե որքան գումար է տնտեսվելու այս գործընթացում, որքան աշխատատեղ է կրճատվելու, ինչ այլընտրանքային մոտեցում է լինելու օպտիմալացումից հետո, ընդդիմության համար վերահսկողական ի՞նչ լծակներ է նախատեսում կառավարությունը:

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները քննարկվել են գլխադասային հանձնաժողովում: Նա ընդգծել է, որ կառավարությանն իր գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող ինստիտուցիոնալ համակարգը, ինչը կառավարության ծրագրի իրականացման գործիքներից մեկն է: Պատգամավորի գնահատմամբ՝ կառավարությանն անհրաժեշտ է գործունեության սեփական գործիքակազմ, եւ խորհրդարանը չպետք է խոչընդոտի այդ հարցում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Ուժային կառույցների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործիքների կիրառման մասին խոսելով՝ նա նշել է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս օրենսդրորեն խնդիրը կարգավորելով ուժային կառույցներին հրավիրել հարցուպատասխանի: «Դուք պահում եք հին համակարգը, որը ժողովրդավարական համակարգ չէ, եւ Հայաստանը մնում է էմոցիոնալ ժողովրդավարության տիրույթում»,-ասել է խմբակցության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող կառուցվածքը արդյունավետ եւ համոզիչ չէ, դրանով տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել: Նրա գնահատմամբ՝ կառուցվածքի հիմքում պետք է պետական կառավարման համակարգի սկզբունքները դրված լինեն, մինչդեռ դրանք խախտված են: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Կառավարության գործունեության առանցքում ԱԺ նախագահի տեղակալն առանձնացրել է կառավարման գործընթացը, որը պետք է լինի թափանցիկ, հաշվետու, ժամանակի ու ծախսի տեսանկյունից բարենպաստ, խորհրդարանական վերահսկողությունը եւ գործունեության արդյունավետությունը: Կառավարման գործընթացի մասով Լենա Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանում չի եղել ավելի թափանցիկ գործող վարչապետ եւ կառավարություն: Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է ուժային կառույցներին խորհրդարանական հարցուպատասխանի հրավիրելու հարցում օրինագիծ ներկայացնելու առաջարկին՝ նշելով, որ հարցը կարգավորելու համար անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Լենա Նազարյանը խոսել է նաեւ կառավարության գործունեության արդյունավետության մասին՝ ներկայացնելով իրականացված բարեփոխումներն ու քայլերը: Նա տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ խմբակցությունը Կառավարությանն է դիմել կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված կրճատումների եւ հարակից հարցերի առնչությամբ գրավոր հարցապնդմամբ:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Կառավարությունը նախատեսում է շարունակաբար անդրադառնալ պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթներին, փոքրացնել պետական ապարատը՝ նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը:

Կառավարության պատասխանում նշվում է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի օրենքի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին ստիպողաբար ընտրություն կատարելու որեւէ գործընթաց նախատեսված չէ: Ավելին՝ օրենքով հստակ սահմանված է, որ քաղաքացիական ծառայողն իր համաձայնությամբ է վերանշանակվում համապատասխան մարմնի վերակազմակերպման եւ (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ առաջարկվող պաշտոնին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում նույնպես գրանցվում է իր ցանկությամբ՝ անձնական դիմումի համաձայն:

Հարցապնդումը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խմբակցությունը Կառավարությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք Կառավարությունն ունի հայեցակարգ կամ տեսլական իր կառուցվածքում իրականացվող խոշոր փոփոխությունների վերաբերյալ: Եթե այո, ապա որո՞նք են այդ հայեցակարգի կամ տեսլականի հիմնական բնութագրիչները: Բացի նախարարություններից, որոնք են այն ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը եւ այլ կառույցները, որոնք Կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ կամ մասնակիորեն լուծարել, կրճատել կամ այլ կերպ դադարեցնել դրանց գործունեությունը կամ վերակազմակերպել՝ կառավարության կառուցվածքի սահմանման բոլոր փուլերում. ի՞նչ չափանիշների հիման վրա է նախատեսվում կատարել աշխատակիցների կրճատումները:

Հարցապնդման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու նկատառումներն են ներկայացրել խորհրդարանականները: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ իրականացվող փոփոխությունների համար Կառավարությունը չի կատարել նախահաշվարկ, ռեսուրսների գնահատում: Կարեւորվել է գործադրի կողմից նախատեսվող գործողությունների իրականացման հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ հիմնադրամներում սպասվող կրճատումներին: Որոշ իշխանամետ պատգամավորներ ընդգծել են, որ Կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների նպատակն է բարձրացնել գործադրի աշխատանքների արդյունավետությունը:

Եզրափակիչ ելույթում Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին: Նա խոսքով՝ Կառավարության ներկայացրած նախաձեռնության նպատակը ոչ թե կրճատումներ իրականացնելն է, այլ աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

Էդմոն Մարուքյանը արդյունավետ չի համարել քննարկումները եւ անընդունելի համարել խմբակցության առաջարկների մերժումը: Ըստ նրա՝ խորհրդարանական կառավարման երկրի Կառավարության անդամի կողմից խմբակցության հարցադրմանը նմանատիպ պատասխանելը ճիշտ չէ եւ այն պետք է իր հետեւանքն ունենա: Ուստի հիմնվելով Սահմանադրության եւ «ԱԺ կանոնոկարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով տրված լիազորություներին՝ խմբակցության ղեկավարն առաջարկել է խորհրդարանին ընդունել Կառավարության առանձին անդամի՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում, որը քվեարկության է դրվում առանց քննարկման:

Նիստը նախագահող Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ առաջարկին անդրադարձ կկատարվի վաղվա նիստում:

Վերջին նիստում  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

ԱԺ հերթական նիստերի աշխատանքը կշարունակվի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին:
 


28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատ...

28.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հ...

28.03.2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հան...

28.03.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը. մաս` առաջին, մաս` երկրորդ: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am