Տպել
17.04.2019
Կրթության ոլորտի հիմնախնդիրներն են քննարկվել ուսանողների հետ հանդիպման ընթացքում
1 / 5

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 17-ին խորհրդարան են այցելել Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Նրանց ուղեկցել են  համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը, բուհի գիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը,  դասախոսներ:

Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել ԱԺ հերթական նիստի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել եւ բաց դաս է անցկացրել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:

Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգը:

Սոֆիա Հովսեփյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհական, հետբուհական կրթությանը, բուհական մրցակցությանը, օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններին:

Պատգամավորի համոզմամբ՝ առկա խնդիրները կլուծվեն ժամանակի ընթացքում` նաեւ օրենսդրական ճանապարհով:

«Հյուսիսային» համալսարանի ռեկտորը Սոֆիա Հովսեփյանին հրավիրել է դասախոսելու բուհում: Բորիս Մակիչյանը պատգամավորին նվիրել է իր հեղինակած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները» խորագիրը կրող ժողովածուն, որում ամփոփված են հեղինակի՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին, բնագավառի բարեփոխմանը միտված գործընթացներին վերաբերող դիտարկումներն ու առաջարկները:

Բաց դասի մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում, ապա այցելել ԱԺ թանգարան: