National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
1 / 10

Ապրիլի 15-ին արտահերթ նիստեր են հրավիրել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ փաստաթղթի նպատակն է դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը երկու պետությունների այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են մուտք գործել եւ մնալ կողմերի պետությունների տարածքներում արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով: Համաձայնագիրը երկու պետությունների երիտասարդներին հնարավորություն է ընձեռում կատարելու կարճատեւ վարձատրվող աշխատանք, որը կօգնի նրանց հոգալու իրենց այցելության ծախսերը, կավելացնի աշխատանքային փորձը եւ կբարելավի մյուս կողմի պետության լեզվի, մշակույթի եւ հասարակության վերաբերյալ իմացությունները:

Հանձնաժողովի անդամները նաեւ քննարկել եւ դրական են գնահատել Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խմբի ստեղծման եւ Հայաստան-Գվատեմալա միջխորհրդարանական համաձայնագրի կնքման նախաձեռնությունները:

Նույն օրը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փոփոխություններով որոշ նախարարություններ նախատեսվում է միավորել այլ նախարարությունների հետ, որի արդյունքում  ներկայիս 17-ի փոխարեն կգործեն 12-ը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Շրջակա միջավայրի, Պաշտպանության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի, ինչպես նաեւ  Ֆինանսների նախարարությունները:

Առաջարկվում է կրճատել  նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը: Արդյունքում Կառավարությունը կունենա 2 փոխվարչապետ: Փոփոխությունների նպատակը, ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Կառավարության առավել արդյունավետ համակարգ ունենալն է: Նախարարի տեղեկացմամբ՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին? նախարարներին եւ նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից՝ գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին:

Ակնկալվում է, որ անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնք մի քանի տասնյակ են:

Նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական փուլում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում. միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը թվարկված պաշտոնների, ինչպես նաեւ՝ կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար հնարավոր չէ նախատեսել:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այն կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն կղեկավարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:  Ակնկալվում է, որ գրասենյակը կունենա 20-25 աշխատակից: 
 
Փոփոխությունների կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան»   խմբակցությունների  պատգամավորներ: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարության կառուցվածքի վերաբերյալ ուներ մոտ մեկ տասնյակ առաջարկներ, որոնք քվեարկության արդյունքում հանձնաժողովը չընդունեց:

Խմբակցության համար, ընդհանուր առմամբ, ընդունելի էր Կառավարության կառուցվածքի փոփոխությունը, սակայն ոչ այնպես, ինչպես առաջարկում է գործադիրը: Խմբակցությունն ունի իր տարբերակը, որը թե նախարարությունների թվով, թե բովանդակությամբ տարբերվում էր քննարկվող նախագծից: Ըստ այդմ՝ առաջարկվում էր պահպանել գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները, ինչպես նաեւ ունենալ ԱԱԾ եւ Ոստիկանության նախարարություններ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մտահոգության հիմնական թեման կրճատվելիք աշխատողներն էին եւ նրանց սոցիալական պաշտպանվածությունը, ինչպես նաեւ մեկ նախարարի կողմից ղեկավարվելիք տարբեր ոլորտների արդյունավետության հարցը:

Կառարավության օրենսդրական նախաձեռնությունը տարբեր տեսանկյուններից դրական են գնահատել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մասնավորապես նաեւ՝  հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը:

Քվեարկության արդյունքում  օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: Բացի այդ՝ ՀՀ ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել խորհրդարանի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ քննարկման համար սահմանելով առնվազն երեք ժամ:
 


15.04.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են Կոպենհագենի համալսարանի ուսանողների
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 15-ին հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո ...

15.04.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական ...

15.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտախորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 15-17-ը նեռառյալ Սանկտ Պետերբուր...

15.04.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

15.04.2019
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS