National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
11.04.2019
Քննարկվել են խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու ԳՄՀԸ (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը համատեղ ապրիլի 11-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպել էին քննարկում «Հայկական ֆինանսական երկխոսություն. խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով:

Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի փորձագետներ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հաշվեքննիչ պալատի, քաղհասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԳՄՀԸ ՀՖԿ ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը նշել է, որ միջոցառումը նպատակ ունի նպաստելու շահագրգիռ բոլոր կողմերի համար հանրային ֆինանսների կառավարման բնագավառում իրագործվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկմանը:

ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Յենս Պետերսեն-Թումզերը ողջույնի խոսքում կարեւորել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ գործակցությունը: Համատեղ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշել է, որ բյուջետային գործընթացում օրենսդրի արդյունավետ մասնակցությունը ստեղծում է հակակշիռներ եւ զսպումներ, որոնք առանցքային նշանակություն ունեն թափանցիկ ու հաշվետու կառավարության համար, ապահովում են հանրային ծառայությունների արդյունավետ իրականացումը: Ըստ բանախոսի` խորհրդարանական երկրի բյուջետային վերահսկողության գործիքակազմը պետք է լիարժեքորեն ապահովի բյուջեի նկատմամբ Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների իրացումը: Մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը եւ գոհունակություն հայտնել GIZ-ին համագործակցության համար:

Հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորության մասին է խոսել ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա պետական բյուջեի նախնական տարբերակը հուլիս-օգոստոս ամիսներին կքննարկվի խորհրդարանի մշտական հանձնաժողովներում: Բանախոսը կարեւոր է համարել ռազմավարական պլանավորման համակարգի մասնագետների կարողությունների եւ հմտությունների զարգացումը:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի մոնիթորինգի, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը արժեւորել է խորհրդարանին ու հանրությանը հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը: Նա խոսել է նաեւ պաշտոնական տեղեկատվության հասանելիության խնդիրներից:

ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանն անդրադարձել է կառավարական կառույցների գործունեության թափանցիկությանը, հանրության հետ կապերին, ներկայացրել այն գործիքակազմը, որով ապահովվում է Ազգային ժողովի աշխատանքների բացությունը, տեղեկությունների հասանելիությունը, հաշվետվողականությունը, օրենսդրական գործունեության հրապարակայնությունը, կապը լրատվամիջոցների հետ:

Այնուհետ քննարկումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS