Տպել
11.04.2019
Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակում:

«Հարգելի տիկին նախագահ, գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին զեկույցի համար: Կցանկանայի խոսքս ուղղել ոչ միայն որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, այլեւ երիտասարդ քաղաքական գործիչ, որը հավատում է, որ կանայք կարող են եւ պետք է խոսեն խաղաղության մասին ավելի վճռականորեն: Իմ կարծիքով՝ որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ կանայք խորհրդանշում եւ մարմնավորում են խաղաղություն:

Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը երկարատեւ հակամարտության մեջ են: Ճշմարտությունն այն է, որ այդ հակամարտությունը խլել է բազմաթիվ կյանքեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննա Հակոբյանը, հանդես է եկել շատ համարձակ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: Նախաձեռնության իմաստը շատ պարզ է. որպես մայրեր, քույրեր եւ ամուսիններ՝ մենք պետք է խաղաղության կոչ անենք հակամարտող բոլոր կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի եւ պատերազմական հռետորաբանության դեմ: Աննա Հակոբյանը կոչ է արել ադրբեջանցի կանանց ոտքի կանգնել հանուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ առանց բռնության լուծման: Կցանկանայի տեղեկացնել, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի պատասխանը: Ցավոք, ի պատասխան՝ Մեհրիբան Ալիեւան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինն ու Ադրբեջանի փոխնախագահը, հայտարարեց, որ «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Ես իսկապես ցավում եմ, որ պատերազմական հռետորաբանություն է հնչում նաեւ Ադրբեջանի կին ներկայացուցչից: Կարծում եմ՝ որպես կին քաղաքական գործիչներ եւ առաջնորդներ՝ մենք պետք է կանգնենք հանուն խաղաղության եւ ընդդեմ բռնության ու ատելության խոսքի, հատկապես հակամարտության համատեքստում:

Ցանկանում եմ շեշտել, որ կա ուղիղ կապ «օտարներին» ուղղված ատելության խոսքի եւ ներհասարակական բռնության միջեւ: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում պետական մակարդակով ատելության խոսքի բացակայությունը եղել է պատճառներից մեկը, որ մեզ հաջողվել է իրականացնել խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն եւ ստանձնել դեպի ժողովրդավարություն տանող ուղին, քանի որ մեր հասարակությունը մշտապես քննադատել է բռնությունը՝ լինելով 1915 թ. Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ:

Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության եւ փոխադարձաբար միմյանց հասկանալու: Ես կարծում եմ, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների եւ առաջնորդների դերը կենսական է: Հույս ունեմ, որ Ադրբեջանում եւս կսկսեն սա գիտակցել եւ կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն: Շնորհակալություն»,-ասել է պատգամավորը:


11.04.2019
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները` խորհրդարանում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանն ապրիլի 12-ին հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլոբալիզացիայի եւ մարդու իրավունքների բաժնի ղեկավար Մադդալենա Նեգլիայի, Արեւելյան Եվրոպայի ե...

11.04.2019
Քննարկվել են խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու ԳՄՀԸ (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը համատեղ ապրիլի 11-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կազմակերպել էին քննարկում «Հայկական ֆինանսական երկխոսություն. խորհրդարանական բյուջետային վերահսկողության ըն...

11.04.2019
Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում՝ նշելով. «Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ատելության վերբա...