Տպել
10.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
1 / 8

Ապրիլի 10-ին նիստեր են հրավիրել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում: Դրանք ընտրվել են զբոսաշրջային եւ հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ներկայում այդ վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, ինչը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` ստեղծելով վիճակախաղերով հրապուրվելու վտանգ: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը:

Փաստաթղթով առաջարկվում է նաեւ սահմանել, որ մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշել է, որ գործադիրը ներկայացրել է մեկ առաջարկ:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Առաջարկվող փոփոխությունների առնչությամբ եղել են կողմ եւ դեմ արտահայտվողներ: Կարծիք է հնչել, որ նախաձեռնությամբ ամբողջական լուծում չի տրվում առկա խնդիրներին:

Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ  քննարկումը կշարունակի հրավիրվելիք հաջորդ նիստում:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը,  ընդգրկված էր մեկ հարց:

Ներկայացնելով  «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որոնցից լիցենզավորված են 118-ը՝ 100 հեռուստաընկերություն եւ 18 ռադիոընկերություն: Մյուս հեռուստառադիոընկերությունները գործում են կամ միջպետական պայմանագրերի շրջանակներում, կամ  հանրային են, հետեւաբար գործում են առանց լիցենզիայի:

Տիգրան Հակոբյանը թվարկել է այն խնդիրները, որոնք դժվարացնում եւ նույնիսկ խոչընդոտում են կառույցի բնականոն գործունեությունը:  Մասնավորապես, նա  խնդրահարույց է համարել ոլորտը կարգավորող օրենքները, որոնք հիմնականում կամ թերի են, կամ հնացած, եւ երբեմն շատ դժվար է լինում  արձագանքել հեռուստառադիոոլորտում տեղի ունեցող  փոփոխություններին:  Խնդիրներից բացի՝  Տիգրան Հակոբյանն անդրադարձել է նաեւ դրական ազդակներին եւ նկատել, որ հաշվետու տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներն ամբողջովին փոխել են կառույցի գործառույթները: Ըստ այդմ, եթե, օրինակ, 2017 թվականին սեփական հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն ստանալու համար հանձնաժողովին չի դիմել որեւէ կաբելային հեռուստաընկերություն, ապա 2018 թվականին արդեն  31 դիմում է ստացվել:

Ավելացել են  նաեւ հանձնաժողովի կողմից մշտադիտարկվող հեռուստածրագրերը, որոնք 2018 թվականին շուրջ 15 անգամ գերազանցել են մի քանի տարի առաջ արձանագրված թվերը: «Հանձնաժողովն այսօր իսկապես ազատ եւ անկախ է, այն աշխատում է անկաշկանդ՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով»,-հավաստիացրել  է Տիգրան Հակոբյանը:

Խոսելով հեռուստածրագրերի բովանդակությունից՝ նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հանդես է եկել առաջարկով՝ ստեղծելու հիմնադրամ, որը պետք է օժանդակի հեռուստաընկերություններին՝ թողարկելու համար հանրօգուտ  հաղորդումներ: Սա, եթե ստացվի, մասամբ  կկարգավորի եթերը, ինչում այդքան մտահոգ են բազմաթիվ քաղաքացիներ ու պատգամավորներ: Եթերից ամբողջովին բացառել ցածրորակ հաղորդումներն ու ֆիլմերը հնարավոր չէ, կարծում է Տիգրան Հակոբյանը, ըստ նրա՝ դա խնդիր է գրեթե ողջ աշխարհում:

Կառույցի ղեկավարը նշել է նաեւ մի շարք հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնք որոշ դեպքերում հասել են ընդհուպ լիցենզիայից զրկելուն:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հարցերի միջոցով անդրադարձել են ոլորտի խնդիրներին, կարեւորել հեռուստառադիոեթերում մայրենի լեզվի անաղարտության ու անվտանգության  պահպանումն ու բարձրարժեք հաղորդումների անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնել բռնության տեսարաններ ու ընտանեկան անառողջ հարաբերություններ  պարունակող  սերիալների առնչությամբ:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ոլորտին վերաբերող խնդիրների   քննարկումները՝ նպատակ ունենալով կարգավորել  օրենսդրական բացերն ու թերությունները:  Անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին՝ Մխիթար Հայրապետյանն անհրաժեշտ է համարել ունենալ այնպիսի օրենք, որը  թույլ կտա ամբողջովին կանոնակարգել դաշտը եւ խախտումների դեպքում չգնալ  զիջումների, ինչպես այսօր տեղի է ունենում:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հաղորդումը  կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...