Տպել
10.04.2019
Լենա Նազարյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության եւ զինված ուժերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին:

Նախարարը նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում Չեխիայի կարեւոր գործընկերն է՝ համոզմունք հայտնելով, որ իր հանդիպումները եւս պարարտ հող կստեղծեն ապագա համագործակցության խորացման համար:

Լենա Նազարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում երկկողմ քաղաքական երկխոսությունն ակտիվ է եղել, ինչը նաեւ խորհրդարանի եւ խորհրդարանականների ակտիվ աշխատանքի արդյունք է: ԱԺ փոխնախագահը, տեղեկացնելով, որ արդեն ձեւավորվել է Հայաստան-Չեխիա բարեկամական խումբը, արժեւորել է հայ եւ չեխ խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջխորհրդարանական հարթակներում:

«Կարեւոր է, որ մեր գործընկերները միջազգային կազմակերպություններում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի հարցում, որի կարգավորումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-ասել է Լենա Նազարյանը: Այս համատեքստում Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ իրենք հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից են, տարածաշրջանի երկրների հակամարտությունների հարցում ցուցաբերում են հավասարակշիռ մոտեցում: Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող միջնորդական ջանքերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ առաջիկայում այն ամբողջական կվավերացվի Չեխիայի կողմից:

Հյուրը հետաքրքրվել է Ազգային ժողովում անցկացված «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով քննարկմամբ: Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել քննարկումից՝ բարձր գնահատելով Չեխիայի ներկայացուցիչների զեկույցները: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել չեխ նախարարի այցը Հայաստան հատկապես երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի ստորագրման համատեքստում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն Անհատական գործընկերության գործողությունների շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունները: