National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
09.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանի ելույթը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում
1 / 4

Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ,

հարգելի՛ գործընկերներ,

թույլ տվե՛ք նախ եւ առաջ գոհունակությունս հայտնել որպես Հայաստանի նորընտիր խորհրդարանի անդամ՝ Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովի մաս կազմելու կապակցությամբ: Հույս ունեմ նպաստելու այս կարեւոր հարթակի աշխատանքներին:

Ինչպես գիտեք, 2018 թվականի գարնանը հայ ժողովուրդն իր անկոտրում կամքը դրսեւորեց խաղաղ, ոչ բռնի հեղափոխությամբ: Հայերս սիրում ենք այն անվանել Թավշյա հեղափոխություն կամ հեղափոխություն` հայկական ձեւով:

2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բոլոր հայտնի միջազգային կազմակերպությունների, տեղական դիտորդների, ինչպես նաեւ քաղաքական մրցակիցների կողմից դրանք ճանաչվեցին որպես աննախադեպ, ամենաազատ, ամենաարդար, ամենաթափանցիկ եւ ամենաժողովրդավարական ընտրություններ, որ երբեւիցե անցկացվել են մեր երկրում:

Նոր խորհրդարանը գումարեց իր անդրանիկ նիստը 2019 թվականի հունվարին:

Մինչ աշխատավայրում հավասարության հարցերի մասին խոսելը ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ հայ կանայք առանցքային դեր են ունեցել խաղաղ փոփոխության հասնելու հաջողության մեջ: Բացառիկ փաստ է, որ հազարավոր հայ կանայք, շուրջ 40 օր քայլելով փողոցներում, պայքարում էին ոչ միայն կառավարության փոփոխության, այլ նաեւ ավանդական, նահապետական հասարակության մեջ իրենց իրավունքների համար:

Քաղաքական դաշտի փոփոխությունից հետո առավել բարձրակարգ կին մասնագետներ ներգրավվեցին հանրային հատվածի ղեկավար պաշտոններում. ավելացավ կին պատգամավորների թիվը, ունեցանք առաջին կին քաղաքապետը, մի շարք կին փոխմարզպետներ եւ պետական հիմնարկների ղեկավարներ:

Հարգելի գործընկերներ,

լայնորեն ընդունված տեսակետ կա, որ համալսարանական կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի տղամարդկանց եւ կանանց: Սակայն, երբ խոսքը վերաբերում է զբաղվածությանը, աշխատատեղերի հասանելիության հավասարության ցուցիչը սկսում է տատանվել: Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, ավելին՝ կրթություն ստացած կանայք թվապես գերակշռում են կրթված տղամարդկանց: Չնայած այս փաստին տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի ցածր պաշտոններ են զբաղեցնում: Տարիների ընթացքում հանրային հատվածում աշխատող կանանց թիվն ավելացել է տղամարդկանց թվից, այդուհանդերձ կանայք հիմնականում որոշում չկայացնողների դերում են եղել: Դրանից զատ, կանանց պարագայում գործազրկության ցուցանիշն ավելի բարձր է:

Աշխատավայրում ընտանեկան պարտականություններ ունեցող հղի կին աշխատողների նկատմամբ խտրականությունը տարբեր ձեւերով է հանդես գալիս՝ հանգեցնելով աշխատանքային իրավունքների ոտնահարման: Աշխատանքը պահպանելու երաշխիքների բացակայությունը ստիպում է շատ կանանց երկընտրանքի առջեւ կանգնել՝ աշխատե՞լ, թե՞ ծննդաբերել, այլ կերպ ասած` աշխատանքայի՞ն, թե՞ վերարտադրողական գործառույթն իրականացնել:

Գործընկերներ,

ինչպիսի՞ լուծում կարող ենք առաջարկել այս խնդիրներին: Ճկուն աշխատաժամեր, կես դրույքով աշխատանքի առկայություն, երեխա ունենալու դեպքում մոր կամ հոր համար արձակուրդի ապահովում. այս ամենը դրական ազդեցություն է ունենում աշխատաշուկայում կանանց ներգրավվածության վրա: Բացի այդ, իմ կարծիքով՝ մեր աշխատանքը պետք է նախ եւ առաջ ուղղված լինի կրթության միջոցով մտածելակերպի փոփոխությանն ու իրազեկվածության բարձրացմանը: Սա թույլ կտա կանանց «ստվերից դուրս գալ» եւ զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ, ինչը, իր հերթին, ենթադրում է առավել ակտիվ մասնակցություն քաղաքականության ասպարեզում:

Շնորհակալություն ուշադրության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS