Տպել
09.04.2019
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը
1 / 10

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի այգում՝ ծաղկած սակուրաների հարեւանությամբ, նշվել է Ծագող Արեւի Երկրի ամենագեղեցիկ եւ կարեւոր տոներից մեկը՝ Հանամին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը, խմբի անդամներ, մշակույթի գործիչներ:

Ճապոնագետ, «Վի-Էնն» ընկերության հիմնադիր տնօրեն, միջոցառման կազմակերպիչներից Աննա Վարդանյանի խոսքով՝ 2015 թվականին, երբ ԱԺ այգում տնկարկվեցին սակուրաները, քչերն էին հավատում, որ տնկիները կդիմակայեն եւ կաճեն Հայաստանի բնակլիմայական պայմաններում:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ ուրախ է, որ սակուրաներն արմատներ են գցել, ծաղկել՝ խորհրդանշելով հայ-ճապոնական հարաբերությունները: Նրա խոսքով` ծառերը խորհրդանշում են մարդկային կյանքը, հույսը եւ կյանքում գոյություն ունեցող հրաշքների վկայությունը:

Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդգար Առաքելյանի ներկայացմամբ՝ նոր ձեւավորված պատգամավորական խումբը բավականին ներկայացուցչական է, ներգրավված է 32 պատգամավոր, ովքեր պատրաստ են նպաստելու Հայաստան-Ճապոնիա համագործակցության խորացմանը: Նա ընդգծել է, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ քաղաքացիները կարող են անմիջապես մուտք գործել ԱԺ այգի եւ վայելել սակուրայի գեղեցկությունը:

Գրականագետ Արծվի Բախչինյանը ներկայացրել է Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ջապոնում» գիրքը, որը լույս է տեսել 1905 թվականին Թիֆլիսում: Նա հայ-ճապոնական հարաբերությունների ակունքների վկայությունն է համարել ուղեգրությունը՝ տեղեկացնելով, որը այն շուտով էլեկտրոնային տարբերակով հասանելի կլինի բոլորին:

Արծվի Բախչինյանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին ընծայել է իր հեղինակած «Հայ ճապոնական պատմական եւ մշակութային առնչությունները» գիրքը:

«Իրո Հա» հայ-ճապոնական կրթական եւ մշակութային փոխանակման կենտրոնի սաները պոեզիայի միջոցով ներկայացրել են հայ եւ ճապոնական մշակույթների նմանությունները:

Տեղի է ունեցել նաեւ ծառզարդարի արարողություն. ներկաները ծաղկած սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած օրիգամիի՝ խաղաղությունը խորհրդանշող կռունկներով: