Տպել
09.04.2019
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 9

Ապրիլի 9-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին»օրինագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացել են քաղաքացիներին վարկային միջնորդային ծառայություններ առաջարկող կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք. առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հիմնականում որեւէ կերպ չեն համագործակցում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, այլ, ունենալով միայն որոշակի ֆինանսական եւ իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որեւէ միջնորդի եւ միջնորդավճարի:

Մանե Թանդիլյանը նշել է, որ ներկայում հարցը չի կարգավորվում որեւէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ նախագիծը սահմանում է, որ այդ գործունեությունը վարչական իրավախախտում է եւ նախատեսում է համապատասխան սանկցիա:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Ըստ նրա՝ Կառավարությունը երկու առաջարկ է արել, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Կարեւորելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ հանձնաժողովի անդամներն առաջարկել են առաջինից երկրորդ ընթերցում փոխել որոշ ձեւակերպումներ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծվել է հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, հաստատվել վերջինիս գործունեության կարգը: Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Տիգրան Ուլիխանյանը:

Հաստատվել է նաեւ հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2019-2020 թվականների տարեկան ժամանակացույցը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը, առաջին ընթերցումով քննարկվել է կառավարության հեղինակած «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլեւ կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության եւ օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության եւ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Թրաֆիքինգի զոհերին եւ հատուկ կատեգորիայի երեխա զոհին տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցման տրամադրումն ուղղված է լինելու մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը:

Հարակից զեկույցում Անի Սամսոնյանը, կարեւորելով օրենսդրական առաջարկը, նշել է, որ այն հնարավորություն կտա վերացնելու իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները: Նա անդրադարձել է նաեւ միանվագ դրամական փոխհատուցման նպատակային ծախսման հարցում պետական վերահսկողությանը:

Քննարկումների արդյունքում նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նույն օրը հրավիրած նիստում քննության է առել զինվորական ծառայությանն ու ոստիկանությանն առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի, Գեւորգ Պետրոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չլրացած զինծառայողներին չներգրավել մարտական հերթապահության մեջ:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի՝ օրինագծի ընդունմամբ մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կնպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը եւ սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը:

Հարակից զեկուցող պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշելով, որ խնդրո առարկան կարգավորված է գործող օրենսդրությամբ, գործընկերներին առաջարկել է դեմ քվեարկել նախագծին:

Կառավարության եզրակացությունը բացասական էր: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում զինծառայողի համապատասխան պատրաստության եւ զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման եւ գործելու ամբողջական ցիկլ, որի շնորհիվ զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար: Զինծառայողը, եթե բավարար պատրաստվածություն չի ունենում, նա մարտական հերթապահության չի գնում:

Քննարկման արդյունքում նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը: Նշվել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց պաշտպանությունը:

Հարակից զեկուցող պատգամավոր Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, հանձնաժողովականներին հորդորել է կողմ քվեարկել:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նախագծին նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը նաեւ քննարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները հաճախ առողջական գանգատներով են արձակվում զինվորական ծառայությունից: Սակայն պետությունը չի ապահովում զինվորական ծառայությունից հետո նրանց առողջության վատթարացման կանխումը եւ առողջության վերականգնումը:

Առաջարկվում է զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը զորացրվելուց հետո իրականացնել անվճար հիմունքներով:

Հարակից զեկուցող պատգամավոր Տիգրան Կարապետյանը նշել է, որ փոփոխությունները կծանրաբեռնեն բուժհաստատությունների գործունեությունը, ինչպես նաեւ կխաթարեն գործող կարգավորումները: Պատգամավորը գործընկերներին առաջարկել է դեմ քվեարկել:

Կառավարության դիրքորոշումը դրական չէր: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ նախարարությունը խիստ հսկողություն է սահմանել զինվորների եւ զինվորականների առողջության պահպանման ուղղությամբ եւ հնարավոր բոլոր միջոցներով կազմակերպում է նրանց հետծառայական բուժսպասարկումը:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին:


09.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանի ելույթը Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովում
Հարգելի՛ տիկնայք պատգամավորներ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվե՛ք նախ եւ առաջ գոհունակությունս հայտնել որպես Հայաստանի նորընտիր խորհրդարանի անդամ՝ Միջխորհրդարանական միության Կին խորհրդարանականների համաժողովի մաս կազմելու կապակցությամբ: Հույս ունեմ նպաստելու այս կարեւոր հարթակի աշխատանքներին: Ինչպես...

09.04.2019
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի այգում՝ ծաղկած սակուրաների հարեւանությամբ, նշվել է Ծագող Արեւի Երկրի ամենագեղեցիկ եւ կարեւոր տոներից մեկը՝ Հանամին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավա...

09.04.2019
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 9-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին...

09.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

09.04.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

09.04.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...