Տպել
08.04.2019
Քննարկվել են հայ-ֆիննական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենի հետ:

Խմբի ղեկավար Գեւորգ Գորգիսյանը կարեւոր է համարել Ֆինլանդիայի՝ ժողովրդավարության եւ խորհրդարանական ավանդույթների հարուստ փորձի ուսումնասիրումը: Երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու տեսանկյունից նա անհրաժեշտ է համարել մեր երկրում Ֆինլանդիայի օրերի անցկացումը, իսկ երկու երկրների գործարարների միջեւ համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով գործարար համաժողովների կազմակերպումը:

Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Նա եւս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին Ֆինլանդիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որից հետո կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբ: Անդրադառնալով Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ Արյա Մակոնեն վստահեցրել  է, որ փաստաթուղթը շուտով կստորագրվի նախագահի կողմից, կվավերացվի խորհրդարանական ընտրություններից հետո:

Առկա երկկողմ կապերի խորացման եւ համագործակցության նոր ուղիների ստեղծման տեսանկյունից կողմերը կարեւորել են նաեւ խորհրդարանականների միջեւ փոխայցերը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարն արժեւորել է Ֆինլանդիայի 100-ամյա խորհրդարանական փորձի ուսումնասիրումը:

Հյուրի խնդրանքով Գեւորգ Գորգիսյանը ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրի օրակարգի հիմնական առաջնահերթությունները՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական բարեփոխումներ: