Տպել
05.04.2019
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ:

Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել  «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ըստ դրա՝ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանվում է 3 միլիոն դրամ պետական տուրք: Կարծիք է հնչել, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները: Արդյունքում 500 եւ ավելի ընտանիք կդառնա գործազուրկ: Տնտեսվարողները տեղեկացրել են, որ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցի վերաբերյալ որեւէ եզրահանգման դեռեւս չեն եկել: Նաեւ  նշվել է, որ ի տարբերություն բանկերի, տարադրամի փոխանակման կետերում երբեւէ չեն գոյանում հերթեր, սպասարկումն իրականացվում է օպերատիվորեն, հաճախորդի համար սահմանվում է հարմար փոխարժեք:

Կառավարության տեսակետը ներկայացրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եւ ԿԲ իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության եւ զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը: Նրանք նշել են, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորել գործունեության ոլորտը՝ այն դարձնելով ավելի վերահսկելի: Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում տարադրամի փոխանակման կետերը կվերամիավորվեն եւ կշարունակեն գործել:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Նրանք հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները, հորդորել կողմերին գալ փոխհամաձայնության:

Աշխատանքային քննարկումը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նմանատիպ քննարկումների արդյունքում փորձ է արվում գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը:


20.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին,  314 դահլիճում: Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակ...

20.09.2024
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբե...