Տպել
05.04.2019
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ:

Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել  «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ըստ դրա՝ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանվում է 3 միլիոն դրամ պետական տուրք: Կարծիք է հնչել, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում փոխանակման կետերի մեծ մասը կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները: Արդյունքում 500 եւ ավելի ընտանիք կդառնա գործազուրկ: Տնտեսվարողները տեղեկացրել են, որ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցի վերաբերյալ որեւէ եզրահանգման դեռեւս չեն եկել: Նաեւ  նշվել է, որ ի տարբերություն բանկերի, տարադրամի փոխանակման կետերում երբեւէ չեն գոյանում հերթեր, սպասարկումն իրականացվում է օպերատիվորեն, հաճախորդի համար սահմանվում է հարմար փոխարժեք:

Կառավարության տեսակետը ներկայացրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եւ ԿԲ իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության եւ զարգացման բաժնի պետ Արման Ալոյանը: Նրանք նշել են, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորել գործունեության ոլորտը՝ այն դարձնելով ավելի վերահսկելի: Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում տարադրամի փոխանակման կետերը կվերամիավորվեն եւ կշարունակեն գործել:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Նրանք հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները, հորդորել կողմերին գալ փոխհամաձայնության:

Աշխատանքային քննարկումը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նմանատիպ քննարկումների արդյունքում փորձ է արվում գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակը: