Տպել
05.04.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 9

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ապրիլի 5-ին հրավիրած նիստում քննության է առել ոստիկանության, քրեակատարողական եւ այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած անձինք կստանան աջակցություն, որի պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:

«Օրենքի նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքական նշանակություն»,- ասել է Լենա Նազարյանը:

Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Քննարկման արդյունքում պատգամավորները օրինագծին տվել են դրական եզրակացություն նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Քննարկվել է պատգամավորներ  Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի հեղինակած  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են  պատգամավորի գործունեությանը չխոչընդոտելու երաշխիքները:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելնառաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հարակից խոսքում պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշել է, որ խնդրո առարկան արդեն իսկ կարգավորված է «ՀՀ ԱԺ կանոնակարգ»եւ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքներով:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: Քննարկման արդյունքում՝ չորս կողմ, վեց դեմ, մեկ ձեռնպահ ձայների համամասնությամբ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե եւ եւս 12 օրինագծերից բաղկացած փաթեթը:

Ըստ բանախոսի՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Առաջարկվում է կատարել խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովականները ներկայացրել են տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

ՀՀ ոստինակապետի տեղակալը քննարկման է ներկայացրել նաեւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը:

Փոփոխությունների նպատակն է կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ կենսաչափական անձնագրերի  համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը՝ ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

Հանձնաժողովը օրենսդրական փաթեթներին տվել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի՝ նախագծերը մշակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:

Նախագծերի ընդունմամբ կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը: Նշվել է, որ մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգումը լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման եւ պատժի նպատակներին հասնելու համար:

Լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն նաեւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ:

Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը: Նշված անձանց` ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքում ազատազրկման վայրի վարչակազմի կողմից այն տրամադրելու կամ տրամադրումը կազմակերպելու պարտականությունը կամրագրվի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերում:

Հարակից խոսքում պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարեւոր համարելով փաթեթի ընդունումը? գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել?

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ փաթեթը կյանքի կոչվելով կնպաստի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործմանը, ինչպես նաեւ կնպաստի կալանավայրերում պահվողների առողջության պահպանման խնդրի կարգավորմանն ու լուծմանը:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Օրակարգի մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՝ Բաբկեն Թունյանի նախագահությամբ  հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նրա տեղեկացմամբ՝ առաջարկվել է Տնտեսական մրցակցության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների նշանակման ժամկետը երկարաձգել եւ սահմանել մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը: Արդարադատության նախարարի պարզաբանմամբ՝ հանձնաժողովների գործունեությունն արդյունավետ  կերպով կազմակերպելու անհրաժեշտությամբ է պայմանավորված հրատապ, արտահերթ եւ 24 ժամյա ռեժիմով օրինագծերի փաթեթն ընդունելու անհրաժեշտությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունման նպատակը տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաեւ համակարգում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը: Նշվել է, որ թեեւ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման բաշխիչ աշտարակները պետք է վաճառված գազի քանակության չափումն իրականացնեն կիլոգրամներով,  այդուհանդերձ, չափումը կատարվում է խորանարդ մետրերով: Ստեղծված իրավիճակում ձեւավորվում են սպառողների իրավունքների խախտման ռիսկեր՝ կապված ձեռք բերվող սեղմված բնական գազի ծավալի ճիշտ չափման հետ: Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը:

Մասնավորապես, այս պարագայում, 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել 34000 դրամ:

Պատգամավորները  մտքեր են փոխանակել համակարգում տեխնիկական հագեցվածությանը, սահմանվող դրույքաչափին վերաբերող հարցերի շուրջ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած օրինագծերին, որոնք քննարկվելու են 2019 թվականի ապրիլի 8-ի՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:


28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...