Տպել
05.04.2019
Քննարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին խորհրդարան էին հրավիրվել ՓՄՁ եւ ՏՏ ոլորտների ներկայացուցիչները՝ քննարկելու  ՀՀ Կառավարության հեղինակած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ  ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Արտաշես Հովսեփյանը, փաթեթի նպատակը  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության խթանումն է, հմուտ մասնագետների, օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու դրամաշնորհային ծրագրերով գիտական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ քննարկման մասնակիցների գերակշիռ մասը համամիտ չէր այս տեսակետի հետ եւ կարծում էր, որ փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա:

Փաթեթով մասնավորապես՝ նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել  արտասահմանյան ՏՏ ընկերությունների կողմից  Հայաստանում ստեղծված դուստր ընկերություններին այնպես, ինչպես  տրամադրվում է տեղական սկսնակ կազմակերպություններին: Ըստ այդմ՝ նրանք 23 տոկոսի փոխարեն կվճարեն 10 տոկոս եկամտահարկ:

Ոլորտի շատ ներկայացուցիչներ եւ պատգամավորներ կարծում էին, որ   այս կարգավորումներն անհավասար պայմաններ են ստեղծելու տեղական նորաստեղծ եւ արտերկրյա ընկերությունների միջեւ, եւ, բացի այդ, այս կազմակերպությունները  փորձելու են տեղականներից «տանել» ՏՏ լավագույն մասնագետներին: Կային նաեւ հակառակ կարծիքներ, ըստ  որոնց,  չպետք է որեւէ կերպ, առավել եւս՝ արհեստականորեն, խոչընդոտել ընկերությունների մրցակցությանը:  Հարցադրումներ են եղել նաեւ արտոնություններ տալու նպատակահարմարության, կադրեր պատրաստելու անհրաժեշտության  առնչությամբ:

Օրենսդրական փաթեթը բարելավելու եւ տեղական ընկերությունների նկատմամբ անհավասար  վերաբերմունքը բացառելու նպատակով     առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների անդամները:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արդյունավետ է գնահատել այն, մասնակիցներին հորդորել գրավոր ներկայացնել ոչ միայն փաթեթի, այլեւ ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներ: