National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}〈=frn〈=frn.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
05.04.2019
«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ` ԱԺ-ում
1 / 16

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջույնի խոսքում նշել է, որ լսումները Հայաստանի երրորդ համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ կարեւոր հարթակ է հանդիսանալու ազգային եւ միջազգային գործընկերների հետ քննարկելու նախորդ դիտարկումից բխող առաջնահերթությունների ընթացքը, պարտավորությունների կատարման վիճակը, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունների ստանձնման հարցում առկա մարտահրավերները եւ մեր հետագա անելիքները: Նրա խոսքով՝ միջոցառումը նպատակ ունի խթանելու համագործակցությունը պետական իշխանության բոլոր մարմինների, ՀԿ-ների եւ միջազգային ու դիվանագիտական կառույցների միջեւ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ խորհրդարանը կարեւոր դերակատարություն ունի պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, այդ թվում ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումից բխող առաջնահերթություններն ազգային օրենսդրության եւ քաղաքական գործընթացների մեջ ներառելու հարցում:

«Խորհրդարանի դերը մարդու իրավունքների ոլորտում չի սահմանափակվել եւ չի սահմանափակվելու միայն օրենսդրական գործառույթներով, այն նաեւ մեծ նշանակություն ունի գործադիր իշխանության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումներով եւ հատկապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում»,-արձանագրել է հանձնաժողովի նախագահը:

Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում խորհրդարանի ունեցած դերակատարության մասին, կարեւորել օրենքների իրական կենսագործումը՝ նշելով այս հարցում հասարակության բոլոր շերտերի համատեղ աշխատանքը:

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում բանախոսն առանձնացրել է խորհրդարանի շարունակական փոխգործակցությունը օմբուդսմենի գրասենյակի հետ, սերտ կապը ՀԿ-ների հետ: Այս համատեքստում նա ընդգծել է, որ իր գլխավորած հանձնաժողովն առաջիկայում թիրախային ուղղություններով աշխատելու է ՀԿ-ների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծիք է հայտնել, որ միջոցառումն իր տեսակով եզակի է եւ միջազգային լավագույն փորձի օրինակ, այն լավագույն հարթակ կհանդիսանա ազգային եւ միջազգային գործընկերների հետ քննարկելու մարդու իրավունքների վիճակին առնչվող խնդիրները: Նա ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացում կարեւորել է Ազգային ժողովի, ԱԳՆ-ի, քաղաքացիական հասարակության, ԵԽ-ում, ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում մեր երկրի ներկայացուցիչների կարեւոր դերակատարությունը: ՄԻ պաշտպանն անդրադարձել է մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը, կարծրատիպերի վերացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս կարեւորել է միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ Եվրոպական միության համար մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների ներառականությունն առաջնահերթություն է եւ ոլորտին առնչվող թեմայով քննարկումներում քաղաքացիական հասարակության ձայնը պետք է լսելի լինի:

«Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունները հիմնված են միասնական եւ համընդհանուր արժեքների վրա, մարդու իրավունքներն այդ համընդհանուր արժեքների անքակտելի մասն են»,-փաստել է Պյոտր Սվիտալսկին:

Նրա գնահատմամբ՝ թավշյա հեղափոխությունը մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին նոր տեսանկյունից նայելու հնարավորություն է տվել:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը ԵՄ-ի համար առանցքային ուղղություններից առանձնացրել է գենդերային հավասարությանը, կանանց դերի բարձրացմանը, աշխատանքային եւ սոցիալական իրավունքների իրացմանը վերաբերող խնդիրները:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն իր խոսքում ընդգծել է, որ թավշյա հեղափոխությունն ավելի լայն հնարավորություններ է ստեղծել մարդու իրավունքների ոլորտում առավել խոր ու ծավալուն բարեփոխումներ կյանքի կոչելու հարցում:

«Մենք պարտավոր ենք առավելագույնս օգտագործել մեր հանրության մեջ քաղաքացիական հասունության եւ ինքնագիտակցության այս զարթոնքը եւ համախմբել պետական ապարատի ու քաղաքացիական հասարակության ներուժը մարդու իրավունքների ոլորտում նշանակալի ձեռքբերումներ գրանցելու ուղղությամբ»,-արձանագրել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առաջին անգամ կառավարության ծրագրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը դիտարկվում են որպես արտաքին քաղաքական սկզբունքային առաջնայնություններ: Արտակ Ապիտոնյանի խոսքով՝ կիսանախագահական կառավարման համակարգից անցումը խորհրդարանականի լրացուցիչ խթան է մարդու իրավունքների բնագավառում Ազգային ժողովի առավել ընդգրկուն դերակատարման ապահովման համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կարծիքով՝ խորհրդարանները մեծ դեր ունեն հասարակության ակնկալիքներն իրական փոփոխության ենթարկելու հարցում, նաեւ պետք է կարեւոր վերահսկողություն իրականացնեն կառավարության կողմից մարդու իրավունքներին վերաբերող հանձնառությունների կատարման գործում: Նա ընդգծել է, որ համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի հանձնարարականների բազմաթիվ մարտահրավերներ դեռեւս հաղթահարված չեն, դրանց շուրջ պետք է աշխատել՝ խտրականության դեմ պայքար, գենդերային հավասարություն, արդարադատության մատչելիություն, արդար դատաքննություն, երեխաների իրավունքներ, օժանդակություն խոցելի խմբերին եւ այլն:

«Հանձնարարականների ուղղությամբ եւ մարդու իրավունքների ոլորտում լուրջ առաջընթացը միայն կօգնեն, որ Հայաստանի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամակցության հայտը բավարարվի»,-արձանագրել է Շոմբի Շարփը:

Նա վերահաստատել է ՄԱԿ-ի թիմի հանձնառությունն օժանդակելու Հայաստանին՝ մարդու իրավունքների ոլորտում նպատակներն իրագործելու հարցում:

Առաջին նիստում քննարկումները ծավալվել են «Մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանությունը համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի լույսի ներքո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայի շուրջ:

«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը hամընդհանուր պարբերական դիտարկման առաջարկությունների կատարման մշտադիտարկման գործընթացում» զեկույցի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ՄԻՊ աշխատակազմի կարողությունների մասին, կարեւորել ոլորտի խնդիրների վերաբերյալ անաչառ տեղեկության տիրապետումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանի ստանձնած հանձնառություններն ու դրանց կատարման վիճակը: Նշվել է, որ վերջին դիտարկման արդյունքում ներկայացված 360 առաջարկից աջակցություն է ստացել 313-ը:

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Դավիթ Ամարյանն անդրադարձել է համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությանը: Նա մարդու իրավունքների պաշտպանության հարցում կարեւորել է վերահսկողություն իրականացնելու եւ ավելի խիստ մեխանիզմներ կիրառելու խորհրդարանի դերը: Ընդգծվել է ՀԿ-ների ներուժի արդյունավետ օգտագործումը, կարեւորվել Արդարադատության նախարարության կողմից մարդու իրավունքների նոր ռազմավարության մշակումը:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հաղորդակցման եւ արտաքին կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը պաշտպանելու մարդու իրավունքները: Զեկուցողն անհրաժեշտ է համարել հասարակական միավորումների հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորումը:

Արդար դատաքննության ու դատական բարեփոխումների խնդիրներին իր ելույթում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ նշելով, որ մեր երկրի դատական իշխանության լիարժեք կայացման համար առանցքային է իշխանությունների քաղաքական կամքը, սակայն անհրաժեշտ են նաեւ համընդգրկուն համակարգային բարեփոխումներ, որոնք կապահովեն արդարադատության եւ օրենքի հանդեպ բոլորի հավասարությունը, կերաշխավորեն դատավորների ներքին ու արտաքին անկախությունը, դատական համակարգի թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը: Ըստ Վիգեն Քոչարյանի՝ այդպիսի բարեփոխումների իրականացմանն է ուղղված առաջիկա տարիների համար նախատեսվող դատական եւ իրավական բարեփոխումների նոր ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը խոսել է դատաիրավական համակարգի խնդիրների մասին: «Առանց դատական իշխանության անկախության ապահովման հնարավոր չէ ունենալ երաշխիք, որ թավշյա հեղափոխության արդյունքում մերժված ավտորիտար կառավարումը չի կարող վերականգնվել»,-ասել է զեկուցողը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը եւ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գրիգորյանն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը եւ խտրականության արգելքի սկզբունքի ամրապնդմանը վերաբերող հարցերին:

Քննարկվել են նաեւ երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում ու մանկատներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը, արձանագրված առաջընթացը, խոսել նախարարության ենթակայություն ներքո գտնվող մանկատների մասին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը խոսել է բնագավառի օրենսդրությունը բարելավելու եւ ռազմավարության ու գործողությունների ծրագիր իրականացնելու մասին: Նա անհրաժեշտ է համարել ոլորտում առկա ռազմավարության վերանայումը, կարեւորել խորհրդարանական վերահսկողությունը ռազմավարության իրականացման նկատմամբ:

Իրենց ելույթներում եւ քննարկումներում պատգամավորները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց դիտարկումներն են ներկայացրել բարձրացված խնդիրների առնչությամբ, ներկայացրել դրանց լուծմանն ուղղված իրենց տեսլականը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS