National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.04.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից:

Ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա:

Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը:

Նա կարեւորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարեւորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին:

Արարատ Միրզոյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` նշելով, որ միայն նման ոճրագործությունների դատապարտումով է հնարավոր կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաուրիցիո Լուպին նշել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող իրենց խմբի համար այս այցը լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ոչ միայն հայաստանյան քաղաքական գործընթացներին, այլեւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր պատմական ու մշակութային ժառանգությանը: Նրա խոսքով` սա իր հերթին մեծապես կնպաստի ավանդական կապերի հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի հայ-իտալական համագործակցությանը:

Ըստ Մաուրիցիո Լուպիի` իրենք հետեւել են Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացներին, ինչի արդյունքում ստեղծված նոր իրողությունները զարգացման լայն հեռանկարներ են բացել: Նա հավաստիացրել է, որ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատի եւ Պատգամավորների պալատի օրակարգային հարցերից են ու իրենց ջանքերն այս ուղղությամբ հետեւողական են լինելու:

Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am