Տպել
04.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին եւ Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

Ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման եւ թե՛ հայկական խնդիրների` եվրոպական տարածաշրջանում ներկայացման ու առաջմղման գործում:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի ամբողջական ընդունումը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից նոր խթան կհանդիսանա ու լայն հնարավորություններ կբացի Հայաստանի եւ եվրոպական տարածաշրջանի միջեւ փոխգործակցության համար:

ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրում տարվող բարեփոխումների գործընթացները:

Վարուժան Ոսկանյանը, որը նաեւ Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատում ALDE ֆրակցիայի ղեկավարն է եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը, ներկայացրել է այն գործունեությունը, որը հայ գործիչները ծավալում են տեղի քաղաքական-հասարակական կյանքում եւ հայկական օրակարգի հետ առնչվող հարցերի աջակցման գործում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու ընդյանման անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ռումինահայ գործիչը հանգամանալի ներկայացրել է Ռումինիայում հայ համայնքի ներկա կացությունը, այն քայլերը, որոնք ուղղված են ազգային ոգու եւ մշակույթի պահպանմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթությանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մայր հայրենիքին սատարման ծրագրերի աջակցմանը: Հյուրերն ԱԺ նախագահին պատմել են Ռումինահայոց միության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որը նշվելու է այս տարվա աշնանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...