Տպել
04.04.2019
Լենա Նազարյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալին
1 / 15

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, խմբի անդամները եւ պատգամավորները ապրիլի 4-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վկայում է հայ-չինական բարեկամության մասին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը սկսվում է պատմական Մետաքսի Մեծ ճանապարհի գոյության ժամանակներից: Լենա Նազարյանը նշել է, որ 1992 թ-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու պետությունների միջեւ բազմաթիվ բնագավառներում հարաբերությունները զարգացել են եւ այն հնարավոր է եղել գործով հաստատված փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա հիմնված երկխոսության շնորհիվ:

ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն նկատել է, որ հայերն ունեն հարուստ պատմական ժառանգություն, շատ հյուրասեր են եւ տաղանդավոր: Շեն Յուեյուեն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություների հաստատումից մինչ այսօր հայ-չինական կապերը  դինամիկ զարգանում են: Նշվել է, որ երկու երկրների միջեւ ավելանում են առեւտրաշրջանառության ծավալները, զարգանում է համագործակցությունը մի շարք ոլորտներում: Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքեր գործադրել՝ առաջ մղելու եւ իրականացնելու նոր նախաձեռնություններ ու ծրագրեր: Խոսելով խորհրդարանների միջեւ հաստատված լավ հարաբերությունների եւ երկխոսության մասին՝ Շեն Յուեյուեն անհրաժեշտ է համարել խորացնել համագործակցությունը հանձնաժողովների, բարեկամական խմբերի եւ կին պատգամավորների միջեւ կոնկրետ թեմաների շուրջ: Մշտական կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում եւս ձեւավորվել է մեր երկրի հետ բարեկամական խումբ, որը բաղկացած է 15 պատգամավորից:

Խոսելով անվտանգության եւ պաշտպանության հարցերում համագործակցությունից՝ Լենա Նազարյանը կարեւորել է կիբերհանցագործության եւ կադրերի վերապատրաստման գործում փոխգործակցությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանին հիմնախնդրի կապակցությամբ հավասարակշիռ դիրքորոշման եւ հարցի խաղաղ կարգավորմանը աջակցելու համար: Շեն Յուեյուեն նշել է, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը մնացել է նույնը: Նա հույս է հայտնել, որ բանակցող կողմերը կկարողանան պահպանել զսպվածություն եւ խնդիրը կկարգավորեն քաղաքական երկխոսության ճանապարհով:

Լենա Նազարյանն արժեւորել է Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված աջակցությունը, կարեւորել Երեւանում բացված հայ-չինական բարեկամության դպրոցը:

ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների եւ ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի եւ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն:

Հանդիպման ավարտին Շեն Յուեյուեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: