Տպել
03.04.2019
Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 3-ին ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Լենա Նազարյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջեւ նոր թափ ստացած քաղաքական հարաբերությունները եւ նշել, որ դրանք առավել կարող են զարգանալ՝ օգտագործելով նաեւ խորհրդարանական հարթակը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Ռումինիա բարեկամական խումբը:

Զրուցակիցները կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում երկուստեք փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը, անդրադարձել վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին:

Լենա Նազարյանը եւ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն են հայտնել Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի նախագահի հղած համերաշխության ուղերձի առնչությամբ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը Հայաստանը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ բացառապես խաղաղ ճանապարհով:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, դրա կիրարկմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարեւորել Ռումինիայի դերակատարությունն ու աջակցությունը:

Արման Եղոյանը դրական է գնահատել հայ եւ ռումինացի խորհրդարանականների համագործակցությունն ու շփումները, անդրադարձել նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին: Ըստ նրա՝ այդ փոփոխությունները թույլ են տալիս ասելու, որ մեր երկրում դրական տեղաշարժեր կան տարբեր ոլորտներում:

Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն նշել է, որ տնտեսական ոլորտում համագործակցելու լայն հնարավորություններ կան: Նա տեղեկացրել է գործարար համաժողովներ անցկացնելու ծրագրերի մասին՝ ընդգծելով տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը:

Ռումինացի հյուրը կարեւորել է Հայաստանի դիվանագիտական աշխատանքը եւ նշել, որ իրենք հետաքրքրված են շարունակելու համագործակցութունը նաեւ խորհրդարանական հարթակում:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում Դան Նեկուլաեսկուն անհրաժեշտ է համարել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացումն անդամ երկրների կողմից: