Տպել
02.04.2019
Տնտեսագիտական համալսարանի փորձագիտական ներուժը կօգտագործվի օրենսդրական աշխատանքում. ստորագրվել է հուշագիր
1 / 6

Ապրիլի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել է երեք հարց:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Պատգամավորները քննարկել եւ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն են տվել «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» օրենքի նախագծին, որն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ Աստանայում:

Համաձայնագիրը ներառում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնց կիրարկման արդյունքում հաշվի են առնվելու ԵԱՏՄ ընդհանուր եւ յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային եւ վերազգային մակարդակներում: Ինչպես նշել է զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ եւ մաքսատուրքերի նվազեցում չի նախատեսում: Ըստ փոխնախախարի՝ այն ավելի շատ քաղաքական համագործակցության բնույթ ունի, քան տնտեսական, սակայն հետագայում կարող է երկու երկրների միջեւ ազատ առեւտրի իրականացման վերաբերյալ փաստաթղթի հիմք դառնալ: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի վավերացումը թույլ կտա խորացնել եւ ընդլայնել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման վերաբերյալ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ այս ոլորտում համագործակցությունն ընթանում է արդյունավետ, անդամ երկրների կենտրոնական բանկերի կողմից ստեղծված ենթախմբերում իրականացվում են շարունակական քննարկումներ: Ըստ նրա՝ բանկային ոլորտի ներկայացուցիչները ձեռքբերումներ են գրանցել մասնավորապես կիբերանվտանգության, վճարային քարտերի, ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման, ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ճյուղերում:

Պատգամավորները հետաքրքրվել են ԵԱՏՄ տարածքում միասնական ֆինանսական արժույթի ներդրման հնարավորությամբ, ինչի վերաբերյալ Վախթանգ Աբրահամյանն ասել է, որ այդպիսի հարց օրակարգում այսօր չկա, այն հավանաբար կքննարկվի 2025 թվականից հետո, եթե արդիական լինի: Այժմ քննարկվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ վարկային տեղեկատվության փոխանակման հարցը: Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ֆինանսական որեւէ ծառայություն ստանալու հարցում խնդիրներ չունեն:

Օրակարգային հաջորդ հարցը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր: Փաստաթուղթը ստորագրելով՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կարեւորել են տնտեսագիտական համալսարանի մասնագետների փորձագիտական ներուժի օգտագործումը օրենսդրական աշխատանքում, անհրաժեշտ համարել համալսարանի ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական քաղաքականության իրականացման հարցում: