Տպել
02.04.2019
Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պատմական եւ մշակութային դարավոր ավանդույթ ունեցող հայ-սիրիական հարաբերությունները ներկայում առավել խորացման մեծ հեռանկար ունեն: Արժեւորելով Սիրիայի ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու հյուրընկալ վերաբերմունքը Ցեղասպանությունը վերապրած հայորդիների նկատմամբ` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ Սիրիայում առկա ներկա իրողություններին` մարդասիրական օգնության ձեռք մեկնելով պատերազմից տուժած սիրիացիներին:

Երկկողմ կապերի հետագա խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը` վստահություն հայտնելով, որ դրանց նոր ազդակ կհաղորդի ձեւավորված խորհրդարանական բարեկամական խումբը:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին օրենսդիր կառույցի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հայ-սիրիական բազմադարյա հարաբերությունները որակել է ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական: Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին իր երկրին ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար` նշելով, որ այս քայլը բարձր է գնահատվում սիրիացի ժողովրդի կողմից: Դեսպանն արժեւորել է այն դերակատարությունը, որ ունի սիրիահայ համայնքը թե երկրի կյանքում, թե երկկողմ կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում դիվանագետն անդրադարձել է այն ծրագրին, ըստ որի Սիրիայի հայկական եկեղեցիների վերականգնումը ներառվել է իր կառավարության ծրագրում:

Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական ու մշակութային առկա սերտ կապերը` կողմերն ընդգծել են հարաբերություններում տնտեսական բաղադրիչի աշխուժացման անհրաժեշտությունը, առանձնացրել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: