Տպել
28.03.2019
Խորհրդարանը շարունակել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը
1 / 21

ՀՀ Ազգային  ժողովը մարտի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի շրջանակներում պատգամավորները  հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնք վերաբերել են  հանքարդյունաբերության,  բնապահպանության եւ ջրային  ոլորտների խնդիրներին,  ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը,   էներգետիկ համակարգին, նոր հարկային օրենսգիրք ընդունելու անհրաժեշտությանն ու պարզեցմանը, գյուղմթերքների իրացմանը,  խոզաբուծությանը եւ գյուղացիների կրած վնասների փոխհատուցման հնարավորությանը,  ուսանողների կրթաթոշակների բարձրացման կարեւորությանը, Երեւանի՝ իրացման գոտու բնակիչների հետ վարչապետի հանդիպմանը եւ այլն:

Ծրագրի կատարողականի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Միքայել Մելքումյանը   խոսել է կրթության ոլորտի խնդիրներից եւ թերություններից՝ նշելով, որ մեր երկրում մեծ թիվ են կազմում  գործազրկությունն ու աղքատությունը, կարեւորել պետության կողմից  վերցվող վարկերի արդյունավետ օգտագործումը:

Գոռ Գեւորգյանն անդրադարձել է նախորդ տարվա ծրագրի կատարողականին եւ դրական գնահատել տեղաշարժերը տարբեր ոլորտներում:

Արփինե Դավոյանը մանրամասներ է հայտնել թավշյա հեղափոխության օրերին վիրավորված քաղաքացի Զավեն Գրիգորյանի  առողջական վիճակի եւ իշխանությունների կողմից նրան ցուցաբերված աջակցության վերաբերյալ:  Նշենք, որ  օրեր առաջ այս հարցին անդրադարձել էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վարազդատ Կարապետյանն իր ելույթը նվիրել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին եւ դրանք լուծելու համար վարչապետին առաջարկել ստեղծել խորհրդատվական մարմին: Պատգամավորն անհրաժեշտ է համարել որոշ օրենքների ամբողջական վերափոխումը: 

Սերգեյ Բագրատյանը նույնպես անդրադարձել է գյուղատնտեսությանը, խոսել անասնապահության խնդիրներից, կարեւորել Կառավարության առարկայական աջակցությունը անասնապահ գործարարներին:  Տնտեսության զարգացման համար նա չափազանց կարեւոր է համարել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը:

Արման Աբովյանը մտահոգություն է հայտնել Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատատեղերի կրճատումների վերաբերյալ, առաջարկել այդ ուղղությամբ նախաձեռնել համապատասխան քայլեր:

Սոֆիա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վերջին ամիսների ձեռքբերումների հանգամանալի ներկայացման համար: Նա նշել է, որ կառավարման ներքին օղակներում առկա են մի շարք խնդիրներ: Պատգամավորն անդրադարձել է Շիրակի ջրօգտագործման ընկերության կողմից տարիներ շարունակ մարզում ջրային ռեսուրսների վատնման խնդրին՝ ընդգծելով, որ կառույցը չնչին գումարներ է փոխանցել պետբյուջե:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին, անհրաժեշտ համարել հիմնական կենսաթոշակի բարձրացումը: Խոսելով պետական պարտքից՝ պատգամավորը հորդորել է չվախենալ դրա բացարձակ մեծությունից, այլ կարեւորել ներգրավված գումարների արդյունավետ օգատգործումը:

Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է բանկային համակարգում իրականացվող քաղաքականությունը, խոսել մասնավորապես վարկերի տրամադրման ակտիվությունից, ակտիվների եւ ավանդների աճից: Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանում բարելավվել են վարկավորման պայմանները, մասնավորապես  տոկոսադրույքները:

Ծրագրի կատարողականի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել քաղաքական ուժերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արման Բաբաջանյանը: Նա խոսել է կատարողականի արտաքին քաղաքական բաղադրիչի մասին: Ըստ պատգամավորի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու ցանկությունը կյանքի կոչելու համար պահանջվում է մեծածավալ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ օրեր առաջ Զավեն Գրիգորյանի առողջության վերաբերյալ իր հնչեցրած մտահոգությունը դարձել է սոցիալական հարթակներում քաղաքական քննարկման թեմա: Պատգամավորը հորդորել է ծանոթանալ Զավեն Գրիգորյանի փաստաբանի պարզաբանմանը, որը հաստատում է իր հնչեցրած յուրաքանչյուր բառը: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել խնդիրը միասին լուծելու իր առաջարկը չտեղափոխել քաղաքական դաշտ:

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նարեկ Զեյնալյանը: Պատգամավորը, անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ ԱԺ օրակարգի նոսր լինելու մտահոգությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ գաղափարը մինչեւ նախագիծ դառնալը պետք է անցնի երկար ճանապարհ՝ իրականացվի վերլուծություն, բացահայտվեն հակասություններն այլ օրենքների հետ, ընտրվեն հնարավոր թիրախները եւ այլն:  Նարեկ Զեյնալյանը խոսել է նաեւ բյուջեից սոցիալական ոլորտին տրվող հավելյալ հատկացումների մասին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկումների համար, պատասխանել ելույթներում հնչած հարցադրումներին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է մի շարք ոլորտներում իրականացվող կարեւոր փոփոխություններին եւ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին երկու օրերի քննարկումները Ազգային ժողովի եւ Կառավարության միջեւ ձեւավորում են նոր հարաբերություններ:

Խոսելով Զավեն Գրիգորյանի հարցի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարչապետի հիմնադրամից նրան հատկացվել է 2 մլն դրամի աջակցություն: Վարչապետի խոսքով՝ Զավեն Գրիգորյանի փոխհատուցման պահանջը պետք է լուծվի իրավական ընթացակարգերով:

Նշենք, որ զեկույցն ընդունվում է ի գիտություն:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծմանը: Նա նշել է, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը եւ կանոնակարգմանը, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների կողմից մեր երկրում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման կիրառմանը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկումների արդյունքում դրական եզրակացություն է ներկայացրել: Նա առաջարկել է վիճահարույց հարցերը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:

Արկադի Խաչատրյանի կարծիքով` նախագիծը նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին աջակցելու ու նորարական գաղափարներ խրախուսելու նպատակ ունի: Պատգամավորն իր մտահոգությունն է հայտնել ավելի քան 5 տարի գործող օտարերկրյա ՏՏ ընկերություններին իրենց դուստր ընկերության միջոցով պետական աջակցությունից օգտվելուն առնչվող դրույթի, ինչպես նաեւ նորաստեղծ ու արդեն կայացած օտարերկրյա ընկերությունների համար ստեղծված մրցակցային պայմանների վերաբերյալ:

Արման Աբովյանը խոսել է ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին` ընդգծելով, որ ԲՀԿ խմբակցության քննադատություններն ու ելույթները մշտապես միտված են իր առջեւ դրված նպատակների իրագործմանը:

Էդգար Առաքելյանը ներկայացրել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչների մտահոգությունները` առաջարկելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մասնակցությամբ կազմակերպել քննակումներ եւ լսել ոլորտի պատասխանատուներին:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով` անհասկանալի է օրենքի նպատակը, անհավասար պայմաններ են ստեղծվելու տեղական ու օտարերկրյա ընկերությունների գործունեության հարցում` տեղական ընկերությունների համար ստեղծելով առավել վատ պայմաններ:

 Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր հարցերը կքննարկվեն: Նա իր համաձայնությունն է հայտնել ՏՏ ոլորտի խնդիրները բարձրաձայնելու նպատակով քննարկում կազմակերպելու` պատգամավոր Էդգար Առաքելյանի առաջարկի առնչությամբ:

Մանե Թանդիլյանի գնահատմամբ` նախագիծն ունի ռազմավարական նշանակություն: Նա եւս անդրադարձել է տեղական կազմակերպությունների դուստր ձեռնարկություններին արտոնություններ տալու խնդրին, ինչպես նաեւ օտարերկրյա եւ տեղական կազմակերպությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմաններին: Պատգամավորն առաջարկել է օրենսդրական կարգավորումներով թույլ չտալ օտարերկրյա կազմակերպություններին խնդիրներ հարուցել տեղական կազմակերպությունների զարգացման հարցում, տանել դրանց մտավոր ներուժը` թուլացնելով տեղական ընկերությունների գործունեությունը: Միքայել Մելքումյանը, կիսելով Արկադի Խաչատրյանի  եւ Մանե Թանդիլյանի մտահոգությունները, բարձրաձայնել է ՏՏ ոլորտում առկա մի շարք խնդիրներ:

Հակոբ Արշակյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հնչած մտահոգություններին ու առաջարկներին` նշելով, որ նախագծի փոխհամաձայեցված տարբերակ կընտրվի:

«Հեղինակային եւ հարակից իրավունքների` կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Համաձայնագրով կարգավորվում է ԵԱՏՄ անդամ երկրներում հեղինակային եւ հարակից իրավունքի կոլեկտիվ կառավարման միասնական կարգը: Փաստաթուղթը վավերացրել են Ռուսաստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը: Սահմանվում են իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթները, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 14-ին, Երեւանում: Փաստաթղթով սահմանված են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները, այն հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծել կայուն, արդարացի, բարենպաստ եւ թափանցիկ պայմաններ երկու երկրների ներդրողների համար: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն, ինչպես նաեւ արդար եւ հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովում հնչած մտահոգությունների շարքում պատգամավորն առանձնացրել է Հայաստանի արտահանման ծավալների հնարավոր մեծացմանը, համաձայնագրի առանձնահատկություններին, ներդրումների հոսքին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկության արդյունքում օրենսդիրներն ընդունել են օրվա ընթացքում քննարկված նախագծերը:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
 


28.03.2019
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո մարտի 28-ին գումարվել է խորհրդարանի ար...