National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.03.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 18

ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին  սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի որոշմամբ՝ նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո  պատգամավորներն առաջին ընթերցմամբ   քննարկել են «Բաժնետիրական ընկերությունների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն  ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:  Նրա տեղեկացմամբ՝  նախագծերն ուղղված են  գործարար միջավայրի բարելավմանն ու ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել  եւ գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Հայկ Գեւորգյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Սերգեյ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը եւ Բաբկեն Թունյանը  դրական են գնահատել փաթեթը, ինչպես նաեւ կարծիք հայտնել, որ բաժնետիրական համակարգի վերաբերյալ օրենսդրությունն ամբողջական եւ խորքային վերանայման կարիք ունի:  Նախարար Տիգրան Խաչատրյանը  պատրաստակամություն է հայտնել օրենքի  բարեփոխմանն ուղղված քննարկումներ նախաձեռնել:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է  ներկայացրել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանրապետությունում նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող ցածր լինել 25500 դրամից: Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ՝  փոփոխությունը վերաբերելու է շուրջ 18000 քաղաքացու եւ մասամբ  նպաստելու է ծայրահեղ աղքատության կրճատմանը:  Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի ծախսային մասը կավելանա 800 մլն դրամով: Փոխնախարարը նշել է, որ ստացվել է 1 առաջարկ, որն ընդունվել է: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կտարածվի 2019 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ գործող օրենքով նախատեսում էր առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամների համար հավելում համապատասխանաբար՝ 20 եւ 40 տոկոսով. կառավարությանն առաջարկել է պահպանել այն, ինչն ընդունվել է: Հանձնաժողովը միասնական կողմ է քվեարկել եւ տվել դրական եզրակացություն նախագծին:

Պատգամավորները մտքեր են փոխանակել գնաճին, լրացուցիչ՝ հավելյալ ծախսերին վերաբերող հարցերի շուրջ:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ծայրահեղ աղքատության հաղթահարման առաջանցիկ ծրագրերին, կապիտալ ծախսերի արդյուանվետ իրացմանը: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկամսյա կառավարությունը զգալի դրական քայլեր է կատարել, իսկ քննարկվող նախագծով պարզապես նվազագույն շեմի, նվազագույն ծախսերը հոգալու հարցն է լուծվում:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Նարեկ Զեյնալյանն անդրադառնալով պատգամավորների բարձրացրած որոշ հարցադրումներին, ընդգծել է, որ նախագիծը ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված եւս մեկ քայլ է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել աղքատության գնահատման մեթոդաբանությանը, նվազագույն պարենային զամբյուղի սահմանմանը, կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման ու սահմանման կարգին:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկելու համար խորհրդարանին ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության կազմակերպման ու որակյալ արդյունքներ ապահովելու գործին էականորեն խոչնդոտող, անթույլատրելի ծառայությունները հանրային հարթակներում խրախուսող ծառայությունների գործունեության կանխմամբ: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ գովազդի տարբեր միջոցներով եւ սոցիալական ցանցերով անարգել տարածվում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ կատարելու առաջարկություններ: Նմանատիպ հայտարարություններ եւ ծառայությունների առաջարկներ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում՝ ուղղակի կամ երկրորդական հղումներով, ինչպես նաեւ հանդիպել հանրային փոխադրամիջոցներում, ուսումնական հաստատությունների տարածքներում կամ հարակից շինությունների, կանգառների տարածքների եւ արտաքին գովազդի այլ միջոցներում: Խնդրի կարգավորման համար, պատգամավորի կարծիքով, գովազդը արգելող նորմի հետ պետք է սահմանել նաեւ դրա վերահսկողության եւ պատասխանատվության հիմքերը: Նախագծով նախատեսվում է նաեւ համապատասխան լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ նման գովազների տարածման դիմաց սահմանելով վարչական տուգանք: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ ուսումնական հաստատությունների ղեկավարության եւ գիտամանկավարժական հանրության ներկայացուցիչների հետ, ովքեր եւս անհհրաժեշտ են համարում հարցի օրենսդրական կարգավորումը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են գրագողության դեմ պայքարին, վերահսկելու մեխանիզմներին, բուհերում ուսանողների գիտելիքների գնահատման նոր մեթոդների առաջարկմանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վստահ է, որ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ են՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման: Անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին՝ Արեւիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Բարձրագույն որակավորումների կոմիտեն այսօր արդեն աշխատանքներ է իրականացնում անտիպլագիատաի համակարգի ստեղծման ուղղությամբ, Բարձրագույն որակավորումների եւ Գիտության կոմիտեները համատեղ մշակում են հանդեսների վարկանիշավորման համակարգ, ինչը հնարավորինս կպաշտպանի ստողծագործողների, գիտնականների շահերը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հանձնաժողովը նախագծերի փաթեթին միաձայն տվել է դրական եզրակացություն:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալի քաղաքում: Փաստաթղթում կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք հանդիսանալով հզոր եւ երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը: Ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կնպաստի մինչեւ 2100թ. սպասվող ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը նվազեցնել մինչեւ 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը: Փուլային կրճատման գործընթացի համար նախատեսված են ֆինանսական մեխանիզմներ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ փաստաթղթի վավերացումը կարեւոր քայլ է շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության մեղման տեսանկյունից:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը նպատակ ունի զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ մշակութային կապերը, նպաստելու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  Այն ստորագրվել է Վիեննայում 2017 թվականի  դեկտեմբերի 7-ին: Փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա նշել է, որ նմանօրինակ համաձայնագրերի ընդունումը կարեւոր է հատկապես երկրների միջեւ դիվանագիտական կապերի սերտացման տեսանկյունից:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը: Նրանք կարեւորել են փաստաթղթի վավերացումը, կոչ արել կողմ քվեարկել: Նշվել է, որ այն նոր հնարավորություններ կստեղծի մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման համար:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը խորհրդարանի քննարկման է ներկայացրել «Եվրասիական  տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ փաստաթուղթը գործելու է երեք տարի ժամկետով, որի ընթացքում նախատեսվում է մշակել ազատ առեւտրի գոտու մասին վերջնական համաձայնագիրը: Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստան-Իրան  առեւտրատնտեսական հարաբերությունների վրա: Փաստաթղթում ամրագրվել է դրույթ, համաձայն որի՝ սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի եւ վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան եւ չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կարեւորելով համաձայնագրի վավերացումը՝ բանախոսը նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է, ուստի Իրանում արտադրվող որոշ ապրանքներ կարող են մեծ պահանջարկ ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


26.03.2019
Ճեպազրույցի հրավեր
Մարտի 27-ին` ժամը 13:15-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի ճեպազրույցը:   ...

26.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է մեր երկրում Կուբայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է  Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի  հայ-կ...

26.03.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսը՝ Կառավարության կառուցվածքի իրենց հեղինակած տարբերակի վերաբերյալ:   ...

26.03.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 27.03.2019, Ժամը 09:00, 314 սենյակ:   ...

26.03.2019
Խորհրդարան են այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 26-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:  Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել  հերթական նիստերի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել «Լուսավոր Հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS