Տպել
25.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
1 / 8

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 25-ին հրավիրած նիստում քննարկել է «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ սոցիալական եւ առողջապահության ոլորտների կատարողականները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը հավատարիմ է մնացել որակյալ, հասանելի եւ մատչելի առողջապահական ծառայություններ մատուցելու սկզբունքին: 
  
Սրտի ստենտավորման գները 1,100,000-ից իջել է 850,000 դրամի, պետական պատվերի շրջանակներում կատարվող միջամտությունների ժամանակ ոչ դեղապատ ստենտը փոխարինվել է դեղապատով: 
  
Կառավարության հաստատած ծրագրով շուրջ 230 հազար քաղաքացիներ պետպատվերի շրջանակներում ստանում են սոցփաթեթին հավասարեցված բուժօգնություն, որի մեջ ներառված են նաեւ սրտի եւ գլխուղեղի թանկարժեք վիրահատությունները: Վերացվել է չարորակ նորագոյացությունների ժամանակ կատարվող վիրահատությունների համավճարը, որը կփոխհատուցվի պետական բյուջեից: 
  
Վերանորոգվել, սարքավորումներով հագեցվել եւ շահագործման են հանձնվել Արարատի մարզի Արտաշատի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնները: 30-40 տոկոսի չափով բարձրացվել է առողջության առաջնային պահպանման օղակի շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը: 
  
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադառնալով աղքատության հաղթահարման խնդիրներին նշել է, որ նոր կառավարության առաջին քայլերից է եղել կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, որի շնորհիվ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումներից հետո եւս շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրան:  2018-ին հնարավոր է դարձել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել առնվազն 20-ական տոկոսով, իսկ խմելու ջրի սակագինը չի բարձրացել բոլոր սպառողների համար: Ընդունվել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրինագիծ, որը վերաբերում է 2012-2017 թթ. ընթացքում կատարված երթեւեկության կանոնների  խախտումներին: Շուրջ 20 հազար կենսաթոշակառուների ու 65 հազար նպաստառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու եւ կենսամակարդակը բարելավելու նպատակով Կառավարությունը 2019 թ. հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանել է 25500 դրամ: Ծնելիության խրախուսման նպատակով կառավարությունը եռապատկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ այն սահմանելով 150 հազար դրամ: 
  
Գործադրի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի աղետի գոտու խնդիրների իրական պատկերի ուսումնասիրությամբ եւ կներկայացնի համապարփակ լուծումներ: 
  
Բանախոսներին ուղղվել են հարցեր, որոնք առնչվել են բնագավառներում առկա խնդիրներին:

  2018 թվականի ծրագրի սոցիալական եւ առողջապահության ոլորտների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցներն ընդունվել են ի գիտություն: 
  
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ամրագրել, որ հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:  Օրենքի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Քննարկման արդյունքում  հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա հերթական  նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: 
  
Հանձնաժողովը նաեւ որոշել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում: 
  
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` Բաբկեն Թունյանի նախագահությամբ նույն օրը կայացած արտահերթ նիստում, քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից: Հավասար պայմաններ կստեղծվեն  օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների համար: Այն  կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:

Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը եւ դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «ՀՀ եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապահովել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն եւ առաջարկվել է  ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա  հերթական նիստերի օրակարգի նախագծերում: 
  
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: 
  
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա  որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի  եւ արդյունքների մասին» իր ղեկավարած ոլորտին առնչվող զեկույցը: Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ապրանքային մի շարք կարեւոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: 2018 թ. տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75, բանանի շուկայինը՝ 28,  բենզինինը՝ 6,  ցորենինը՝ 84,  ալյուրինը՝ 171 : 
  
Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը ներկայացնող բազմաթիվ կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծվել ներկայանալու սննդի, գինու, հագուստի, կաշվե իրերի միջազգային խոշոր ցուցահանդեսներում, գտնել գործընկերների եւ զարգացնել արտահանման շուկաներում առաջխաղացման հնարավորությունները: 
  
Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ զբոսաշրջությունը Հայաստանում 2018 թ. ընթացքում 2017 թ. համեմատ աճել է 10,5%- ով, ընդ որում՝ միայն 2018 թ. չորրորդ եռամսյակում Հայաստան այցելությունների թիվը կազմել է 376 573, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 16,8%-ով: 
  
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ոլորտային զեկույցը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել հարկային ներուժի եւ վարչարարության արդյունավետության գնահատման, ԱԱՀ-ի եւ այլ հարկային եկամուտների բազայի, հարկային բազայի կառուցվածքային փոփոխությունների` Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա ազդեցությունը գնահատելու ուղղությամբ: 
  
Նախարարի խոսքով՝ 2018 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ իրականացվել է 16,2%-ով պակաս համալիր ստուգում: Դրա արդյունքում արձանագրվել է 32,6 մլրդ լրացուցիչ պարտավորություն, որը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 87,5%-ով: 
  
Բնագավառների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին ուղղվել են բազմաբնույթ հարցեր: 
  
Ոլորտին վերաբերող զեկույցներն  ընդունվել են ի գիտություն:


25.03.2019
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` ն...

25.03.2019
Քննարկվել են երիտասարդությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին հյուրընկալել է երիտասարդության հարցերով զբաղվող մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր լսել խնդիրներն ու առաջարկները, մշակել  բնագավառը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներ: Պատգամավորը նշել է, որ ե...

25.03.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հ...

25.03.2019
ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել մշտական հանձնաժողովների աշխատանքներից
ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Անուշ Բեղլոյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Արմեն Փամբուխչյանը մարտի 25-ին կայացած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել  կառույցի մշտական հանձնաժողովների՝ մարտի 14-ին տեղի ունեցած նիստերից: Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ ընտր...

25.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Երիտասարդների իրավունքների պաշտպանության եւ երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:  ...

25.03.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

25.03.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

25.03.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Ազգային Ժողովի 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը` Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերի վերաբերյալ:   ...