Տպել
25.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր են գումարել
1 / 8

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 25-ին հրավիրած նիստում քննարկել է «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ սոցիալական եւ առողջապահության ոլորտների կատարողականները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը հավատարիմ է մնացել որակյալ, հասանելի եւ մատչելի առողջապահական ծառայություններ մատուցելու սկզբունքին: 
  
Սրտի ստենտավորման գները 1,100,000-ից իջել է 850,000 դրամի, պետական պատվերի շրջանակներում կատարվող միջամտությունների ժամանակ ոչ դեղապատ ստենտը փոխարինվել է դեղապատով: 
  
Կառավարության հաստատած ծրագրով շուրջ 230 հազար քաղաքացիներ պետպատվերի շրջանակներում ստանում են սոցփաթեթին հավասարեցված բուժօգնություն, որի մեջ ներառված են նաեւ սրտի եւ գլխուղեղի թանկարժեք վիրահատությունները: Վերացվել է չարորակ նորագոյացությունների ժամանակ կատարվող վիրահատությունների համավճարը, որը կփոխհատուցվի պետական բյուջեից: 
  
Վերանորոգվել, սարքավորումներով հագեցվել եւ շահագործման են հանձնվել Արարատի մարզի Արտաշատի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնները: 30-40 տոկոսի չափով բարձրացվել է առողջության առաջնային պահպանման օղակի շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձը: 
  
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադառնալով աղքատության հաղթահարման խնդիրներին նշել է, որ նոր կառավարության առաջին քայլերից է եղել կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, որի շնորհիվ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումներից հետո եւս շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրան:  2018-ին հնարավոր է դարձել սոցիալապես անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել առնվազն 20-ական տոկոսով, իսկ խմելու ջրի սակագինը չի բարձրացել բոլոր սպառողների համար: Ընդունվել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման օրինագիծ, որը վերաբերում է 2012-2017 թթ. ընթացքում կատարված երթեւեկության կանոնների  խախտումներին: Շուրջ 20 հազար կենսաթոշակառուների ու 65 հազար նպաստառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու եւ կենսամակարդակը բարելավելու նպատակով Կառավարությունը 2019 թ. հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը սահմանել է 25500 դրամ: Ծնելիության խրախուսման նպատակով կառավարությունը եռապատկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ այն սահմանելով 150 հազար դրամ: 
  
Գործադրի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի աղետի գոտու խնդիրների իրական պատկերի ուսումնասիրությամբ եւ կներկայացնի համապարփակ լուծումներ: 
  
Բանախոսներին ուղղվել են հարցեր, որոնք առնչվել են բնագավառներում առկա խնդիրներին:

  2018 թվականի ծրագրի սոցիալական եւ առողջապահության ոլորտների կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցներն ընդունվել են ի գիտություն: 
  
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է ամրագրել, որ հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:  Օրենքի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Քննարկման արդյունքում  հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա հերթական  նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: 
  
Հանձնաժողովը նաեւ որոշել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում: 
  
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` Բաբկեն Թունյանի նախագահությամբ նույն օրը կայացած արտահերթ նիստում, քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը տեղեկացրել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից: Հավասար պայմաններ կստեղծվեն  օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների համար: Այն  կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը:

Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը եւ դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «ՀՀ եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապահովել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն եւ առաջարկվել է  ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա  հերթական նիստերի օրակարգի նախագծերում: 
  
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: 
  
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա  որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի  եւ արդյունքների մասին» իր ղեկավարած ոլորտին առնչվող զեկույցը: Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ապրանքային մի շարք կարեւոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: 2018 թ. տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75, բանանի շուկայինը՝ 28,  բենզինինը՝ 6,  ցորենինը՝ 84,  ալյուրինը՝ 171 : 
  
Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը ներկայացնող բազմաթիվ կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծվել ներկայանալու սննդի, գինու, հագուստի, կաշվե իրերի միջազգային խոշոր ցուցահանդեսներում, գտնել գործընկերների եւ զարգացնել արտահանման շուկաներում առաջխաղացման հնարավորությունները: 
  
Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ զբոսաշրջությունը Հայաստանում 2018 թ. ընթացքում 2017 թ. համեմատ աճել է 10,5%- ով, ընդ որում՝ միայն 2018 թ. չորրորդ եռամսյակում Հայաստան այցելությունների թիվը կազմել է 376 573, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 16,8%-ով: 
  
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ոլորտային զեկույցը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել հարկային ներուժի եւ վարչարարության արդյունավետության գնահատման, ԱԱՀ-ի եւ այլ հարկային եկամուտների բազայի, հարկային բազայի կառուցվածքային փոփոխությունների` Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա ազդեցությունը գնահատելու ուղղությամբ: 
  
Նախարարի խոսքով՝ 2018 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ իրականացվել է 16,2%-ով պակաս համալիր ստուգում: Դրա արդյունքում արձանագրվել է 32,6 մլրդ լրացուցիչ պարտավորություն, որը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 87,5%-ով: 
  
Բնագավառների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին ուղղվել են բազմաբնույթ հարցեր: 
  
Ոլորտին վերաբերող զեկույցներն  ընդունվել են ի գիտություն:


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...