National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
22.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 12

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը  Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու օրինագծերի, որոնք կառաջարկվեն ընդգրկելու ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը, որը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներում  հեղինակային եւ հարակից իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու միասնական կարգի սահմանմանը: Համաձայնագիրը  ստորագրվել է Մոսկվայում՝ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին:  Այն  սահմանում է իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել: Հանձնաժողովի հավանությանն է արժանացել նաեւ «Եվրասիական  տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը: Փաստաթուղթը գործելու է երեք տարի ժամկետով, որի ընթացքում նախատեսվում է մշակել ազատ առեւտրի գոտու մասին վերջնական համաձայնագիրը: Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստան-Իրան  առեւտրատնտեսական հարաբերությունների վրա, մասնավորապես  մեր մոտ կնվազեն մի շարք գյուղատնտեսական եւ արդյունաբերական  ապրանքների մաքսային դրույքաչափերը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա  որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի  եւ արդյունքների մասին» զեկույցը: Այն վերաբերում էր  ԵԱՏՄ  շրջանակներում անդամ երկրների համագործակցությանը,  իրականացված ծրագրերին եւ նախատեսվող աշխատանքներին: Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց  հետո՝ 2016-18 թվականներին, առեւտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ տարեկան աճել է  միջինը 17,7 տոկոսով:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանից արտահանման գերակշիռ մասը կատարվում է դեպի Ռուսաստան: Նախարարն ասել է նաեւ, թե արդյունաբերության  ոլորտի զարգացման առումով  ինչ քայլեր են նախանշված:  Կա ծրագիր, որի  նպատակը ոսկեգործության եւ ադամանդագործության զարգացումն է: Այս նպատակով համաձայնագիր է մշակվում:

 Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

Հանձնաժողովը լսել է  նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հաղորդումը ԵԱՏՄ-ում մրցակցային միջավայրի ներդաշնակեցման վերաբերյալ:   Նա ներկայացրել է  հանձնաժողովի կատարած, ինչպես նաեւ  նախատեսվող աշխատանքները, որոնց նպատակը  սպառողների շահերի պաշտպանությունն է եւ տնտեսվարողներին աջակցելը:  Նշվել է, որ  գործարարների բազմաթիվ խնդիրներ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում լուծվել են հօգուտ հայ տնտեսվարողների:  Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած հանձնաժողովն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության հետ:

Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նույն օրը  հրավիրած նիստում քննության է առել «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի` ԱԱԾ-ի, պաշտպանության, ԱԻՆ եւ ոստիկանության կատարողականներն ու ծրագրերը, ձեռքբերումները: 
  
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում գլխավորած կառույցն իր լիազորությունների շրջանակում աննախադեպ եւ անզիջում պայքար է մղել կոռուպցիայի դեմ: «ՀՀ-ում այլեւս համակարգային կոռուպցիա չկա»,- ասել է ԱԱԾ տնօրենը եւ հավելել, որ դրա դեմ պայքարը շարունակական է: 
  
2018 թվականի մայիսից մինչեւ դեկտեմբեր հարուցվել է 40 քրեական գործ, որից 26-ն ուղարկվել է քննչական մարմիններ, իսկ 13-ը քննության ընթացքում է: Պետությանը պատճառված վնասի չափը 32 մլրդ 100 մլն դրամ է:

«Պետությանը պատճառված վնասի ընդհանուր գումարից արդեն վերականգնվել է մոտ 22 մլրդ 100 մլն դրամ»,- հայտնել է Արթուր Վանեցյանը:

Ազգային անվտանգության ծառայությունում ստացվել է 4841 դիմում, ինչը 4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ԱԱԾ տնօրենի համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն դեռեւս երբեք չի վայելել այդպիսի մեծ վստահություն եւ ժողովրդական աջակցություն:

Արթուր Վանեցյանը նաեւ տեղեկացրել է, որ շուրջ 235 մլրդ դրամի շրջանառությունն է ուսումնասիրվում եւ նշել, թե բավականին մեծ գումարներ են վերադարձվելու պետական բյուջե:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2019-2024 թթ. զարգացման պլանը, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից: Առավել ցուրտ եւ բարձրադիր շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներն ապահովվել են մորթուց կիսավերարկուներով, քուրքերով եւ այլ տեսակի զինվորական հանդերձանքով: Պարտադիր ժամկետային զինծառայողների համար արտադրվել են նոր նմուշի շապիկներ եւ կիսավարտիքներ: Փորձարկման փուլում է զինվորի համար նախատեսված հայկական արտադրության առավել որակյալ եւ հարմարավետ կոշիկների որոշ խմբաքանակ: Դրական արդյունքի դեպքում 2019 թ. հուլիսից նախատեսվում է զինված ուժերի ամբողջական անցում նոր կոշիկների:  Առողջության, տարիքի, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով հատկացվել է 5,705,000 հազ. դրամ:

Կառավարության կողմից նախաձեռնվել է նաեւ զինծառայողների բնակարանային ապահովման նպատակով մատչելի հիփոթեքային վարկավորման ծրագիր, որի համապատասխան իրավական ակտն արդեն մշակված է: 
  
Զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ սպառազինության արդիականացման համատեքստում ակտիվ գործընթացներ են մեկնարկել: 
  
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսել է նախարարության ֆինանսական եւ տեխնիկական խնդիրներից?: Նա անհրաժեշտություն է համարել  բնագավառի օրենսդրական դաշտի բարեփոխումը, կառուցվածքային փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան ոլորտը համապատասխանեցնել ժամանակակից չնփանիշներին:  Ֆելիքս Ցոյակյանը տեղեկացրել է, որ օգտագործվող տեխնիկան հնացել է եւ դրանցով դժվար է բարձր մակարդակով ծառայություններ մատուցել:  Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ վերազինվել  են Սեյսմիկ եւ Հիդրոմետ ՊՈԱԿ-ները, ներդրվել են ժամանակակից սարքավորումներ:  Տարվա ընթացքում հրշեջ ծառայությունը կապահովվի 38 նոր մեքենաներով:  Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 18 հազար դեպք, որից 8 հազարը՝ հրդեհի: Հազարից ավելի կեղծ կանչեր են գրանցվել: Եզրափակելով՝ նախարարը դիմել է օրենսդիրներին լուծելու օրենսդրության հետ կապված խնդիրները: 
  
«Ոստիկանության հանդեպ ձեւավորվել է հավատի ու վստահության բարձր մակարդակ»,- նշել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ու հավելել՝ դա փաստում է այն հանգամանքը, որ 2018 թ. մայիսից սկսած աննախադեպ ավելացել է քաղաքացիների կողմից ոստիկանություն ներկայացվող հաղորդումների թիվը:   2017 թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է առերեւույթ հանցագործության մասին 32,321 հաղորդում: 2018 թ.-ին դրանց թիվն աճել է 9,145-ով կամ 28,3տոկոսով: 2018 թ. ՀՀ-ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր: 
  
Անցած տարվա  օգոստոսի 23-ից սկսած՝ ոստիկանության զորքերը ներգրավվել են ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը՝ հերթափոխերով մեկնելով առաջնագիծ՝ մարտական ծառայության: 
  
Բնագավառների ղեկավարներին եւ ներկայացուցիչ ներին ուղղվել են բազմաբնույթ հարցեր: 
 
Ոլորտին վերաբերող զեկույցներն  ընդունվել են ի գիտություն: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ հրավիրված նիստում քննարկել է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի` արտաքին քաղաքականության ոլորտում իրականացված ծրագրերի կատարողականը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ շարունակել է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը: Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները վերահաստատել են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա: Ավետ Ադոնցի խոսքով՝ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով ընդգծվել է խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայության եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացառման էական նշանակությունը: Վերահաստատվել է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Դիվանագետը տեղեկացրել է, որ 2018 թ. ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը: Այս առումով դեկտեմբերին ԱԳՆ նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունեցել  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանը, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին, Հայաստանի փոխհարաբերությունների զարգացմանը մի շարք երկրների հետ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:


22.03.2019
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հով...

22.03.2019
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

22.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 25-27-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:   ...

22.03.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

22.03.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS