Տպել
21.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զաարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
1 / 8

Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զաարլանդի համալսարանում եւ Զաարլանդ երկրամասի խորհրդարանում:

Զաարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին  համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զաարլանդի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ:

Երկրամասի խորհրդարանում հայկական պատվիրակության անդամներին ընդունել է խորհրդարանի ղեկավար Շտեֆան Տոսկանին: Նա, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել հայաստանցի խորհրդարանականներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մտքեր փոխանակել միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-գերմանական տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Զաարլանդի խորհրդարանի հյուրերի պատվո մատյանում: